ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում

ՍԴ-ն սահմանադրական է ճանաչել Ջհանգիրյանի նշանակումը ԲԴԽ անդամի պաշտոնում

PanARMENIAN.Net - Սահմանադրական դատարանը երկրի մայր օրենքին համապատասխանող է ճանաչել «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի՝ ԲԴԽ անդամներին վերաբերող դրույթը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանը։

ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի պաշտոնավարման սահմանադրականության հարցը վիճարկվել էր տարիքային սահմանափակման հետ կապված։ Այդ հարցով ՍԴ էր դիմել «Հայաստան» խմբակցությունը։

«2022 թվականի մայիսի 6-ին «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ հինգերորդի դիմումի հիման վրա` «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասի և 86-րդ հոդվածի 2-րդ մասի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործով Սահմանադրական դատարանը որոշել է․

1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 80-րդ հոդվածի 9-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

2. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը համապատասխանում է Սահմանադրությանը։

3․ Սահմանադրության 170-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից»,-ասվում է գրառման մեջ։

Որոշումը Սահմանադրական դատարանի կայքում կհրապարակվի եռօրյա ժամկետում։

Գագիկ Ջհանգիրյանը ԲԴԽ անդամ է նշանակվել ԱԺ կողմից 2021-ին։ Դրանից մի քանի ամիս անց քրեական գործ հարուցվեց խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարյանի դեմ, դատական խորհուրդը կասեցրեց նրա լիազորությունները մինչև քրեական գործի ավարտը։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---