ՄԻՊ․ Համատարած բարձրացված խնդիր է կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան

ՄԻՊ․ Համատարած բարձրացված խնդիր է կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան

PanARMENIAN.Net - Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմն ամփոփել է մայիսի 10-ին իրականացված արագ արձագանքման այցերի և վերջին օրերին ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքները։ ՄԻՊ աշխատակազմի արագ արձագանքման խմբերն այցելել են Երևանի 4 ոստիկանության բաժին՝ խորհրդատվություն և իրավունքների իրացման աջակցություն ցուցաբերելով ավելի քան 64 անձի։

Այցերի և իրականացված մշտադիտարկումների արդյունքում արձանագրվել են մի շարք խախտումներ, մասնավորապես.

«1․ Իրականացված արագ արձագանքման այցերի ժամանակ բերման ենթարկված քաղաքացիների կողմից համատարած բարձրացված խնդիր է եղել բերման ենթարկելիս անձանց կոկորդին սեղմելու, խեղդելու միջոցով բերման ենթարկելու պրակտիկան։ Մեկ այլ դեպքում, ըստ վարչական ձերբակալման ենթարկված քաղաքացիների պնդման, անձին բերման ենթարկելիս ոստիկանության ծառայողները նրան ոչ թե նստեցրել են իրենց մեքենան, այլ նետել են մեքենայի մեջ, այնուհետև մեքենայում նաև հայհոյել։

ՄԻՊ-ը համապատասխան գրություններ է ուղարկելեւ իրավասու մարմիններին նկարագրված դեպքերը քննության առարկա դարձնելու պահանջով։

2․ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանից բերման ենթարկված մի շարք քաղաքացիներ պնդել են, որ ոստիկանության ծառայողների կողմից փողոցի երթևեկելի մասն ազատելու պահանջը ներկայացնելուց հետո իրենց ժամանակ չի տրամադրվել ներկայացված պահանջը կատարելու համար, հատկապես այն պայմաններում, երբ իրենք խնդրել են 5 րոպե ժամանակ։

Պաշտպանն այս առումով արձանագրում է, որ ոստիկանության կողմից պահանջ ներկայացնելուց հետո վերջինս նաև պետք է տրամադրի անհրաժեշտ ողջամիտ ժամանակ այն կատարելու համար: Միևնույն ժամանակ, ակցիայի կազմակերպիչները պարտավոր են ողջամտորեն առավելագույն ջանքերը գործադրել ողջամիտ ժամանակահատվածում հավաքի մասնակիցների կողմից ոստիկանության օրինական պահանջի կատարումն ապահովելու և կազմակերպելու համար։

3․ Ոստիկանության բաժիններից մեկում ՄԻՊ արագ արձագանքման խմբերն արձանագրել են դեպք, երբ վարչական ձերբակալման ենթարկված անձին չեն գրանցել «Ոստիկանություն բերված անձանց հաշվառման մատյանում» այն հիմնավորմամբ, որ վերջիններս չեն ներկայացել և իրենց վերաբերյալ տվյալներ չեն ներկայացրել։ Պաշտպանը գտնում է, որ նման մոտեցումը հիմնավորված չէ և անկախ անձի չներկայանալու հանգամանքից՝ վերջինիս ոստիկանության բաժին մուտքի, ելքի, բժշկական օգնության ստանալու կարիք ունենալու և այլ հանգամանքներ պարտադիր ենթակա են հաշվառման վերոնշյալ մատյանով։

4․ ԶԼՄ-ների հրապարակումների մշտադիտարկումների արդյունքում ՄԻՊ աշխատակազմում արձանագրվել է Գյումրիում տեղի ունեցած բռնության միջադեպը, երբ 08.05.2022թ-ին դեպի Գյումրի ավտոերթի ակցիա իրականացնող մի քանի անձինք կանգ են առնում, վիճաբանության բռնվում ճանապարհի մոտ առկա տաղավարում հավաքված ակնհայտորեն տարեց անձանց հետ և վերջիններիս ինտենսիվ հարվածներ հասցնում։

Ընդ որում, տեսանյութերի ուսումնասիրությունից հետևում է, որ ավտոերթի մասնակիցները թվաքանակով մի քանի անգամ գերազանցում էին այնտեղ գտնվող տարեց անձանց, որոնցից մեկն էլ ձեռնափայտով էր։

Պաշտպանի աշխատակազմի մշտադիտարկումն արձանագրել է, որ հավաքների մի քանի ղեկավար կազմակերպիչ հանդիսացող հանրային դերակատարներ հաջորդիվ դատապարտել են կոնկրետ դեպքով բռնության գործադրումը։ Միևնույն ժամանակ մտահոգիչ են հանրային լսարան ունեցող այն դերակատարների ուղերձները, որոնք միտված են տեղի ունեցած բռնությունը բռնության ենթարկված տարեց անձանց վարքագծով արդարացնելուն։

ՄԻՊ-ը հետամուտ է լինելու հավաքների ու ակցիաների շրջանակներում բռնության բոլոր դեպքերով մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցերում՝ անկախ տուժող անձանց կարգավիճակից ու դիրքից։

5․ ԶԼՄ-ների հրապարակումների ուսումնասիրությունները վեր են հանել նաև հավաքները լուսաբանող լրագրողի նկատմամբ մասնագիտական գործունեությանը խոչընդոտելու դեպք ոստիկանության ծառայողի կողմից, ընդ որում, ոստիկանության ծառայողը պահանջել է չնկարել իր գործողությունները և հարվածել լրագրողի տեսախցիկին։ Ըստ հրապարակման, լրագրողի բեյջը տեսանելի է եղել ոստիկանության ծառայողի համար»,-ասվում է գրառման մեջ։

Նշվում է, որ արձանագրված յուրաքանչյուր դեպքով Պաշտպանը հետամուտ է լինելու մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---