ՀԱԷԿ-ում նոր պահեստարան կկառուցվի թույլ և միջին ակտիվության պինդ թափոնների համար

ՀԱԷԿ-ում նոր պահեստարան կկառուցվի թույլ և միջին ակտիվության պինդ թափոնների համար

PanARMENIAN.Net - Մեծամորի ատոմակայանում նոր պահեստարան կկառուցվի թույլ և միջին ակտիվության պինդ թափոնների համար։ Այդ մասին ասել է ատոմակայանի տնօրեն Մովսես Վարդանյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Մինչև տարեվերջ ատոմակայանը պատրաստվում է կապալառուների ընտրել, մասնագիտացված ընկերություններից, և շինարարության մասին պայմանագիր կնքել։

Վարդանյանը նշել է, որ պետք է ճշտել նախագծի և թափոնների ուտիլիզացման տեխնիկական բնութագիրը։ Նշվել է, որ նման թափոնների չեզոքացման մի քանի տեխնոլոգիա կա, մասնավորապես՝ ապակու և բիտումի կիրառմամբ։ Առաջին տեխնոլոգիայի դեպքում թափոնները խառնում են ապակու բովախառնուրդի (ապակու ստացման բաղադրիչների) հետ, որի արդյունքում ռադիոակտիվ նյութերը կապվում են ապակու մեջ, ինչը խոչընդոտում է ճառագայթման տարածմանը։ Երկրորդ տեխնոլոգիայով՝ թափոնները խառնում են բիտումի (ծանր նավթամթերք) հետ, որը նույնպես թույլ չի տալիս տարածվել ճառագայթմանը։

«Նախկինում նման տեխնոլոգիաներ Հայաստանում չեն կիրառվել, սակայն մեր մասնագետները կարող են սովորել»,-ասել է նա։

Պահեստարանը կառուցվել է միայն թափոնների համար, ոչ թե աշխատած միջուկային վառելիքի, որի համար ևս առանձին պահեստարան է կառուցվում։ Պինդ թափոնների թվին են պատկանում աղտոտված գործիքներն ու նյութերը, որոնք օգտագործվում են կայանում աշխատանքի ժամանակ։

Զուգահեռ ատոմակայանում մտադիր են նաև նոր բլոկ կառուցել աշխատած վառելիքի համար։ ԽՍՀՄ տարիներին այն դուրս էր հանվում ՀՀ տարածքից, իսկ ԽՍՀՄ փլուզումից հետո՝ պահվում է կայանի տարածքում։ Այդ նպատակով ֆրանսիական տեխնոլոգիայով (Framatome կորպորացիա) ՀԱԷԿ-ում տարբեր տարիներին 3 այդպիսի պահեստարան է կառուցվել։ Այժմ կկառուցվի 4-րդը։ Արդեն հաստատված ծրագրով, այն պետք է կառուցվի մինչև 2025 թվականը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---