Փոխոստիկանապետ․ Մայիսին ոստիկանները 2․5 մլրդ դրամի պարգևավճար են ստացել

Փոխոստիկանապետ․ Մայիսին ոստիկանները 2․5 մլրդ դրամի պարգևավճար են ստացել

PanARMENIAN.Net - ՀՀ փոխոստիկանապետ Վարդան Մովսիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում տեղեկացրել է, որ մայիսին բոլոր ոստիկանները պարգևավճար են ստացել. ընդհանուր գումարը 2․5 միլիարդ դրամ է կազմել:

Նա վստահեցրել է, որ դա հանրահավաքների հետ կապված չէ։

«Տարիներ են եղել` անգամ 3 անգամ են պարգևատրվել ոստիկանները, օրինակ` 2018-ին։ Ի դեպ, ոստիկանների աշխատավարձը միջին հաշվարկով 218,000 դրամ է»,–ասել է Մովսիսյանը, տեղեկացնում է Sputnik Արմենիան։

Անդրադառնալով լրագրողների հարցերին, թե ինչի համար են պարգևավճար ստացել` բիրտ ուժ կիրառելո՞ւ, փոխոստիկանապետը նշել է` դա լրագրողների կարծիքն է։

Մովսիսյանը հայտնել է, որ ոստիկանությունում մոտ 50 ծառայողական քննություն է անցկացվում, 10 քրեական գործ է հարուցվել, որտեղ կան դեպքեր, որ ոստիկանները որպես տուժող են ներգրավված։

«Մայիսի 30-ին 6 ոստիկան և 5 քաղաքացի է հիվանդանոց տեղափոխվել. ոստիկաններից մեկը կողերի կոտրվածք ունի»,– ասել է Մովսիսյանը։

Այն նկատառմանը, թե ոստիկանները բիրտ ուժ են կիրառել անգամ անչափահասի հանդեպ, փոխոստիկանապետը ասել է, թե՝ նա ի՞նչ գործ ուներ այնտեղ։

Մայիսի 30-ին կառավարության երրորդ մասնաշենքի մոտ «Դիմադրություն» շարժման մասնակիցների ու ոստիկանների միջև երկու անգամ բախում է եղել։ Կառավարության մոտ առաջին բախումից հետո հայտնի դարձավ, որ կառավարության շենքի շրջակայքից «Հերացի» թիվ 1 համալսարանական հիվանդանոց շտապօգնության մեքենայով տեղափոխվել է 4 քաղաքացի, որից 2-ը՝ ոստիկան։ Կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից բերման է ենթարկվել ակցիայի 111 մասնակից` խուլիգանություն կատարելու կասկածանքով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---