Ավանեսյան․ Պարտադիր ապահովագրական համակարգի մասին օրենքի ընդունումը պատկերացնում ենք մինչև 2023-ը

Ավանեսյան․ Պարտադիր ապահովագրական համակարգի մասին օրենքի ընդունումը պատկերացնում ենք մինչև 2023-ը

PanARMENIAN.Net - Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ԱԺ 2021 թ. Բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ասել է, որ նախարարությունում արդեն ամփոփվել են ոլորտում ապահովագրական համակարգի ակտուարական հաշվարկներն ու այն գլխավոր կետերը, որոնց վրա հիմնվելու է համակարգը:

Նա հավելել է, որ հայեցակարգն այժմ կառավարության քննարկման տիրույթում է:

«Հայեցակարգի ու դրա հետ կապված օրենսդրության ընդունումը պատկերացնում ենք մինչև 2023 թ.»,-ասել է նախարարը։

Համակարգն աստիճանաբար է ներդրվելու և ունենալու է ներդրման փուլեր:

«Կարծում եմ՝ մեկ ամսվա ընթացքում լրիվ կամփոփենք ամբողջական կարծիքը և ԱԺ-ին կներկայացնենք հայեցակարգը, որի վրա էլ հետո հիմնվելու է օրենքը»,- նշել է Ավանեսյան՝ կարևորելով համակարգի ներդրումը:

Ավանեսյանը նաև հայտնել է, որ կառավարությունն առողջապահության նախարարությանը կտրամադրի 5․2 մլրդ դրամի լրացուցիչ ֆինանսավորում:

«Դիմել ենք կառավարությանը, որն արդեն այս հինգշաբթի կհաստատի լրացուցիչ ֆինանսավորումը։ Միջոցները կուղղենք գերակատարված ծրագրերի ֆինանսավորմանը, և մեր քաղաքացիները կշարունակեն օգտվել պետպատվերից», – ասել է նա։

Նախարարը տեղեկացրել է նաև, որ 2021 թ. ընդհանուր առմամբ բուժօգնություն է ստացել 89,889 մարդ, կորոնավիրուսային համավարակի հետ կապված ծախսվել է 35 մլրդ 251 մլն դրամ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---