Փոխվարչապետը Պետերբուրգում խոսել է ՀՀ առջև ծառացած լոգիստիկ մարտահրավերներից

Փոխվարչապետը Պետերբուրգում խոսել է ՀՀ առջև ծառացած լոգիստիկ մարտահրավերներից

PanARMENIAN.Net - Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը Պետերբուրգում միջազգային տնտեսական 25-րդ համաժողովի «Գործընկերություն Եվրասիայում. նոր հնարավորություններ» խորագրով պանելային քննարկմանը անդրադարձել է արդի պայմաններում լոգիստիկ առումով Հայաստանի առջև ծառացած մարտահրավերներին:

Քննարկմանը ի թիվս այլ բարձրաստիճան պաշտոնյաների՝ մասնակցում էին նաև Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը և Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ Բախիտ Սուլթանովը:

Տրանսպորտային ենթակառուցվածքներին անդրադառնալիս Մհեր Գրիգորյանն ընդգծել է Հայաստանում կառուցվող Հյուսիս-հարավ մայրուղու տարածաշրջանային նշանակությունը:

Պանելային քննարկման ընթացքում փոխվարչապետը խոսել է արդի մարտահրավերներին, այդ թվում՝ պարենային անվտանգության խնդիրներին հակազդելու անհրաժեշտության մասին: Այդ համատեքստում նա կարևորել է պարենային անվտանգության ապահովման ուղղությամբ կոնսոլիդացված ջանքերի գործադրումը՝ նշելով, որ ԵԱՏՄ շրջանակներում այս հարցը պետք է հիմնական ուղղություններից մեկը լինի:

Իր ելույթում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն անդրադարձել է նաև ԵԱՏՄ շրջանակներում ազգային արժույթներով առևտրի ծավալների ավելացման անհրաժեշտության հարցին:

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովը (ՊՄՏՀ), որը կազմակերպել է «Ռոսկոնգրեսս» հիմնադրամը, անցկացվում է հունիսի 15-18-ը։ Այս տարի համաժողովի թեման է «Նոր աշխարհ - նոր հնարավորություններ»։ Միջոցառմանը մասնակցում է նաև ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---