Երևանի նոր ՋԷԿ–ի աշխատանքում խնդիր կա. Լրացուցիչ համաձայնագիր կկնքվի «Ռենկոյի» հետ

Երևանի նոր ՋԷԿ–ի աշխատանքում խնդիր կա. Լրացուցիչ համաձայնագիր կկնքվի «Ռենկոյի» հետ

PanARMENIAN.Net - ՀՀ կառավարության նիստում որոշվել է լրացուցիչ համաձայնագիր կնքել Երևանի նոր ՋԷԿ–ը կառուցած իտալական «Ռենկո» ՍՊԸ–ի հետ։

Բանն այն է, որ ՋԷԿ–ի պաշտոնական բացումից ավելի քան կես տարի անց կառավարությունում պարզել են, որ ընկերության հետ դեռ 2017–ին կնքված համաձայնագրում հստակ սահմանված չէ վառելիքի մատակարարման կետը։ Բացը շտկելու համար ՀՀ տարածքային կառավարման նախարարությունն առաջարկել է լրացուցիչ համաձայնագիր կնքել։ Համաձայնագրի փոփոխմամբ որպես մատակարարման կետ կսահմանվեն «Արմփաուեր» ՓԲԸ-ի և հաղորդման ցանցի սահմանազատման կետերը, գրում է Sputnik Արմենիան։

Այս խնդրի մասին հայտնի է դարձել 2022–ի մայիսին, երբ «Ռենկո» ընկերությունների խմբի անդամ «Արմփաուեր» ՓԲԸ-ն նոր ջերմաէլեկտրակայանի վերակառուցման բնապահպանական փորձաքննության հայտ ներկայացրեց։ Դրա համաձայն` նորակառույց կայանում հոսքաջրերի սխեման կատարելագործելու, էներգաբլոկի հզորության ցուցանիշը հստակեցնելու և արտադրված էլեկտրաէներգիան ՀԷՑ-ին միացնելու կարիք էր առաջացել։

«Արմփաուեր» ՓԲԸ-ն առաջարկել էր ՀԷՑ–ի ցանցին միանալ սեփական` 220 կՎ ենթակայանի միջոցով։

Հատկանշական է, որ համաձայնագրի կնքումից հետո կառավարության այսօր հաստատած լրացումը երրորդ փոփոխությունն է։

2017-ին նախորդ իշխանությունների կնքած համաձայնագիրը Հայաստանի գործող իշխանությունն արդեն 2 անգամ վերանայել է` 2018թ-ի նոյեմբերին ու դեկտեմբերին։ Նորակառույց ՋԷԿ–ի պաշտոնական բացումը տեղի էր ունեցել 2021-ի նոյեմբերի 29-ին` վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։

Պաշտոնական տեղեկատվության համաձայն` ծրագրի իրականացման համար ներդրվել է մոտ 270 միլիոն դոլար:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---