ԱԽ քարտուղար․ ՀՀ-ում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող

ԱԽ քարտուղար․ ՀՀ-ում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող

PanARMENIAN.Net - Հունիսի 17-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր նախագահությամբ կայացած ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստում, անդրադառնալով տարածաշրջանային հաղորդակցման ուղիների ապաշրջափակմանը, նշել է, որ Ադրբեջանը ժամանակ առ ժամանակ բարձրացնում է այսպես կոչված Հայաստանի տարածքով «տրանսպորտային միջանցք» բացելու հարցը։ Գրիգորյանը մեկ անգամ ևս ընդգծել է, որ ՀՀ տարածքում միջանցքային տրամաբանությամբ որևէ տրանսպորտային ուղի գոյություն ունենալ չի կարող։

Նա նաև ընդգծել է, որ համաձայն Հայաստան, Ռուսաստան, Ադրբեջան եռակողմ բոլոր հայտարարությունների՝ նոյեմբերի 9, հունվարի 11 և նոյեմբերի 21, չկա որևէ հիշատակում միջանցքների մասին։

Գրիգորյանը խոսել է Հարավային Կովկասում ստեղծված անվտանգային միջավայրի մասին։ Նա մասնավորապես նշել է, որ դեռևս տարածաշրջանը մարտահրավերներով լի է, ինչը պայմանավորված է հայ-ադրբեջանական չկարգավորված հարաբերությունների և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հետ։ ԱԽ քարտուղարը նաև ներկայացրել է Հայաստանի տեսակետները և մոտեցումները տարածաշրջանում անվտանգային իրավիճակը կայունացնելու և առկա մարտահրավերները չեզոքացնելու ուղղությամբ։

Գրիգորյանն անընդունելի է համարել Ադրբեջանի կողմից հրադադարի պահպանման ռեժիմի խախտումը, մասնավորեցնելով մայիսի 28-ին ադրբեջանական զորքերի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքը, ինչի արդյունքում զոհվել էր ՀՀ ԶՈւ-ի զինծառայող։

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել է, որ հակամարտությունը դեռևս լուծված չէ և հիմնահարցի համապարփակ լուծումը պետք է տրվի ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում։ Նիստի ավարտին՝ ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների որոշմամբ, հաստատվել է ՀԱՊԿ հավաքական անվտանգության համակարգի ուժերի և միջոցների կառավարման մարմինների ու կազմավորումների 2023 թվականի համատեղ պատրաստության պլանը:

Հավանության է արժանացել ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի որոշումը՝ «Նայոմնիկ» օպերատիվ-կանխարգելիչ գործողությանը տալ ՀԱՊԿ մշտապես իրականացվող գործողությունների կարգավիճակ, որը ներկայացվելու է երկրի ղեկավարների հավանությանը։

ՀԱՊԿ ԱԽ քարտուղարների կոմիտեի հերթական նիստում նեղ և ընդլայնված կազմով քննարկվել են ՀԱՊԿ անդամ երկրների անվտանգության մարտահրավերներն ու սպառնալիքները չեզոքացնելու միջոցառումները, ՀԱՊԿ տարածաշրջանում համատեղ հակաահաբեկչական գործողությունների վերաբերյալ առաջնայնություն ներկայացնող հարցեր։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվի Գլոբալ համաժողովի բացմանն իր ելույթում կրկին խոսել է «Զանգեզուրի միջանցքի» մասին՝ նշելով, որ այդ միջանցքի շուտափույթ բացումը Հարավային Կովկասում ապագա խաղաղության հիմնարար տարրերից է։ Նա ասել է թե, Ադրբեջանն «իրավունք ունի պահանջելու, որ միջանցք բացվի, քանի որ Հայաստանը ստորագրել է համապատասխան հայտարարությունը»;

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---