Աբրահամյան․ Նոյեմբերի 9-10-ի դեպքերի քրգործերով 9 անձի համար մեղադրական վճիռ է կայացվել

Աբրահամյան․ Նոյեմբերի 9-10-ի դեպքերի քրգործերով 9 անձի համար մեղադրական վճիռ է կայացվել

PanARMENIAN.Net - 2020-ի նոյեմբերի 9-10-ին Կառավարության շենքում, Ազգային ժողովի շենքում և պետական նշանակության այլ օբյեկտներում ու վայրերում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ քրգործով ԱԱԾ քննչական դեպարտամենտում դեռևս նախաքննությունը շարունակվում է: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը՝ նշելով, որ 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ։

Տվյալ քրգործով ներկայում 25 անձ ունի մեղադրյալի դատավարական կարգավիճակ:

Բացի այդ, ձեռք բերված ապացույցների բավարար համակցությամբ քրգործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է ուղարկվել 29 անձի վերաբերյալ 10 քրգործ:

Դատարան ուղարկված քրեական գործերից հինգով 9 անձի վերաբերյալ կայացվել է մեղադրական դատավճիռ.

1 գործով 1 անձ դատապարտվել է ազատազրկման 4 տարի ժամկետով և պատիժը պայմանականորեն չի կիրառվել, սահմանվել է 5 տարի փորձաշրջան: Նշված դատավճռի դեմ դատախազությունը ներկայացրել է վերաքննիչ բողոք, որը մերժվել է:

1 գործով արագացված դատական քննության արդյունքում 2 անձ դատապարտվել է 4-ական տարի ազատազրկման: Դատավճռի դեմ վերաքննիչ բողոք է ներկայացվել պաշտպանի կողմից, որի քննության արդյունքում ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը որոշում է կայացրել պաշտպանի բողոքը մասնակիորեն բավարարելու մասին, և ամբաստանյալների նկատմամբ նշանակվել է համապատասխան հոդվածով նախատեսված պատժի նվազագույն չափից ավելի ցածր պատիժ, այսինքն՝ ազատազրկում 2 տարի ժամկետով: Նշված դատական ակտի դեմ դատախազության կողմից ներկայացվել է վճռաբեկ բողոք:

1 գործով կրկին արագացված դատական քննության կարգով կայացված մեղադրական դատավճռով (առանց հափշտակելու նպատակի ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) ամբաստանյալը դատապարտվել է տուգանքի՝ 150,000 դրամի չափով:

1 գործով էլ համաձայնեցման վարույթի շրջանակներում 3 անձ (զանգվածային անկարգության մասնակիցներ) դատապարտվել է ազատազրկման 3 տարի ժամկետով, նրանց նկատմամբ պատիժը պայմանականորեն չի կիրառվել և սահմանվել է 2 տարի փորձաշրջան:

1 գործով դատապարտվել է 2 անձ, որոնցից մեկը՝ 3 տարի ազատազրկման և 500,000 դրամ տուգանքի, մյուսը՝ 6 տարի ազատազրկման:

2020թ․ նոյեմբերի 9-ին, լույս 10-ի գիշերը, երբ հայտնի դարձավ 44-օրյա պատերազմում պարտության և հրադադարի եռակողմ հայտարարության մասին, մարդիկ ներխուժել էին կառավարության շենք, մտել Աժ շենք, ծեծի ենթարկել ԱԺ այն ժամանակվա խոսնակ Արարատ Միրզոյանին։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---