‌Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարականի մասին

‌Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարականի մասին

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտարարել է հրաժարականի մասին։ Նա կհեռանա վարչապետի և Պահպանողական կուսակցության ղեկավարի պաշտոններից, սակայն կշարունակի կատարել պարտականությունները, մինչև կուսակցությունը նոր առաջնորդ ընտրի։

Ելույթ ունենալով լրագրողների առջև՝ Ջոնսոնը շնորհակալություն է հայտնել իր կողմնակիցներին և Բրիտանիայի ժողովրդին և հայտարարել է, որ տխրությամբ է լքում «աշխարհի լավագույն աշխատանքը», հայտնում է BBC-ն։

Նա դիմել է նաև Ուկրաինայի ժողովրդին՝ նշելով, որ իր կառավարությունը կշարունակի աջակցել Ուկրաինայի ժողովրդին նաև իր պաշտոնանկությունից հետո։

Կուսակցության առաջնորդի համար պայքարը տեղի կունենա ամռան ընթացքում և նոր վարչապետը կկարողանա ստանձնել պաշտոնը հոկտեմբերին, երբ կուսակցական կոնֆերանս կանցկացվի։

Ջոնսոնի հրաժարականը կառավարական ճգնաժամի և իր կառավարության անդամների կողմից աննախադեպ ճնշման հետևանք է։ Վերջին օրերին պաշտոններից հեռացել է ավելի քան 50 նախարար և ավագ պաշտոնյա, այդ թվում Ջոնսոնի մի քանի մերձավոր կողմնակիցներ՝ ինչպես, օրինակ, Ռիշի Սունակն ու առողջապահության նախարար Սանջիդ Ջավիրդը։

Ջոնսոնի կառավարումը, որը նա ստանձնել է 2019-ի ավարտին, ուղեկցվել է մի շարք սկանդալներով, որից յուրաքանչյուրն ավելի էր բորբոքվում, քանի որ նա սկզբից ամեն ինչ ժխտում էր, հետո խոստովանում ու ներողություն խնդրում։ Նրան մեղադրում էին պաթոլոգիկ ստախոսության և ամեն գնով իշխանությունը պահելու ցանկության մեջ։ Ամենահնչեղ սկանդալը կապված էր վարչապետի նստավայրում պանդեմիայի շրջանում տեղի ունեցած երեկույթների հետ (երկրորդ հարկում վարչապետի բնակելի կեցավայրն է)։

Վերջին սկանդալը կապված է Ջոնսոնի կառավարության անդամ Քրիս Փինչերի հետ, որին մեղադրում են այլ տղամարդկանց հանդեպ սեռական բնույթի ոտնձգությունների մեջ։

‌ ‌

Photo. Reuters
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---