Հետազոտություն․ ՀՀ-ում անպտղության ցուցանիշը 16․8% է` ԱՀԿ չափանիշներով մտահոգիչ թիվ է

Հետազոտություն․ ՀՀ-ում անպտղության ցուցանիշը 16․8% է` ԱՀԿ չափանիշներով մտահոգիչ թիվ է

PanARMENIAN.Net - Հայաստանում անպտղության ցուցանիշը 16․8 տոկոս է, որն ԱՀԿ չափանիշներով մտահոգիչ թիվ է։ Այդ են վկայում «Անպտղության տարածվածությունը Հայաստանի Հանրապետության բնակչության շրջանում» թեմայով հետազոտության արդյունքները։

Հետազոտությունն իրականացվել է «Հասարակական հետազոտությունների առաջատար խումբ» ՀԿ-ի կողմից, ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի ֆինանսական և խորհրդատվական աջակցությամբ:

Նշվում է, որ Հայաստանում խնդիրը ոչ թե բժշկակենսաբանական է, այլ սոցիալ-բժշկական: Առաջնային անպտղություն ունի հարցվողների 1․7%-ը: Դրանք այն զույգերն են, որոնք անցյալում երեխա չեն ունեցել և 12 կամ ավել ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության:

Երկրորդային անպտղություն ունի հարցվողների 15․1%-ը: Դրանք այն զույգերն են, որոնք անցյալում ունեցել են առնվազն 1 երեխա, սակայն վերջին 12 կամ ավել ամիս կանոնավոր, անպաշտպան սեռական հարաբերությունների պարագայում չեն հասել հղիության:

Կին հարցվողների շրջանում անպտղությունը կազմել է 14․3% (առաջնային՝ 1․3%, երկրորդական՝ 13%)։ ՄԱԲՀ աջակցությամբ նախորդ ուսումնասիրության համեմատ, այդ ցուցանիշը նվազել է (նախկինում 16․8%)։ Նվազել է նաև առաջնային անպտղությունը (նախկինում 5․4%), մինչդեռ երկրորդային անպտղությունն աճել է (նախկինում 11․4%):

Տղամարդ հարցվողների շրջանում շրջանում անպտղությունը կազմել է 19․8% (առաջնային՝ 2․2%, երկրորդական՝ 17.6%)։ Նախորդ ուսումնասիրության համեմատ ցուցանիշը մոտ քառակի աճել է (նախկինում՝ 5․1%)։ Ընդ որում, առաջնայի անպտղությունը մի փոքր նվազել է (նախկինում՝ 2․3%), իսկ երկրորդայինը՝ զգալիորեն աճել (նախկինում 2․8%):

Ըստ հետազոտության, երբևէ սեռական հարաբերություն ունեցած հարցված կանանց 86%-ը և տղամարդկանց 81%-ը կամ ընդհանրապես չեն պլանավորում կա՛մ մոտ ապագայում չեն պլանավորում երեխաներ ունենալ: Միևնույն ժամանակ, կանանց 36%-ը և տղամարդկանց 48%-ը համարում է, որ ունի պլանավորածից քիչ երեխա։

Կանանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (21․7%), իր կամ ամուսնու առողջական խնդիրները (15․6%), ֆինանսական դժվարությունները (15․0%) և արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը (14․7%)։

Տղամարդկանց շրջանում երեխա ունենալ չցանկանալու հիմնական պատճառներն են տարիքը (27․1%), ֆինանսական դժվարությունները (14․8%), ծրագրած թվով երեխաներ ունենալը (13․7%), երկրի անկայուն վիճակը (9․1%): Պատճառների ընդամենը մոտ 9%-ն է վերաբերում իր կամ կնոջ առողջական խնդիրներին։

Մինչդեռ երբևէ հղիացած կին հարցվողների 46%-ն իր կյանքի ընթացքում երբևէ դիմել է հղիության արհեստական ընդհատման: Աբորտի հիմնական պատճառներն են եղել արդեն ծրագրած թվով երեխաներ ունենալը կամ երեխա ավելի ուշ ունենալ ցանկանալը (36%) առողջության/կյանքի համար վտանգը (22%), նյութական դժվարությունները (21%)։ Պտղի անցանկալի սեռը որպես պատճառ նշվել է պատասխանների 8%-ում, ընդ որում 7%-ը նշել է աղջիկ չուզելը, 1%-ը՝ տղա չուզելը։

Հետազոտությունն իրականացվել է 2020-21 թթ. ՀՀ բնակչության շրջանում անպտղության տարածվածության գնահատելու նպատակով։ Մասնակցել է վերարտադրողական տարիքի 3000 անհատ (1532 տղամարդ, 1468 կին) Երևանից և ՀՀ բոլոր մարզերից։

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---