ՀՀ-ն և Հնդկաստանը կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը

ՀՀ-ն և Հնդկաստանը կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը

PanARMENIAN.Net - ՀՀ-ն և Հնդկաստանը կզարգացնեն համատեղ կինոարտադրությունը, կիրականացնեն կինոարվեստի ոլորտում մասնագիտական խմբերի փոխանակումներ, մասնագիտական վերապատրաստումներ: Հայաստանի ազգային կինոկենտրոնի և Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել՝ ուղղված կինոյի ոլորտի զարգացմանը և այդ բնագավառում հայ-հնդկական առարկայական համագործակցությանը։

Հայկական կողմից հուշագիրը վավերացրել է Հայաստանի ազգային կինոկենտրոն ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնա­կատար Շուշանիկ Միրզախանյանը, իսկ հնդկական կողմից՝ Հնդկական առևտրատնտեսական կազմակերպության փոխնախագահ Յաթեշ Վենկաթեշը։

Ըստ հուշագրի՝ կողմերի հնարավորությունների սահմաններում յուրաքանչյուրն իր երկրում կաջակցի մյուս կողմի կինեմատոգրաֆիական արտադրանքի ներկայացմանն ու արժևորմանը: Փոխադարձ համաձայնությամբ երկու երկրները կկազմակերպեն կինոարվեստին վերաբերող ֆորումներ՝ օնլայն կամ օֆլայն եղանակով, որին կմասնակցեն կինոյի ոլորտով հետաքրքրվող անձինք, այդ թվում՝ կինոգործիչները: Հայ և հնդիկ մասնագետները կդիտարկեն նաև Հայաստանում ոչ ֆորմալ կրթության «Հնդկական Եվրասիա կինոակադեմիայի» հիմնադրման հնարավորությունները:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Կիշան Դան Դեվալը, ՀՀ ԿԳՄՍՆ ժամանակակից արվեստի վարչության պետ Սվետլանա Սահակյանը, հնդիկ պրոդյուսերներ և այլք։

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---