Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել

Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել

PanARMENIAN.Net - «ԱրԱր» հիմնադրամի համահիմնադիր, hասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանն ազատ է արձակվել։ Նրա գործով դատավոր Արուսյակ Ալեքսանյանի որոշմամբ երկարաձգված կալանքի տասնհինգօրյա ժամկետը լրացել է հուլիսի 27-ին` ժամը 21։00-ին, որից հետո Չալաբյանը դուրս է եկել «Արմավիր» քրեակատարողական հիմնարկից։ Նրան ՔԿՀ դիմաց ծափահարություններով են դիմավորել ընկերները, հարազատները։

Չալաբյանը լրագրողներից ներողություն է խնդրել, քանի որ վատառողջ է, երկար չի կարող խոսել, գրում է Panorama.am-ը։

«Նախ ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր ներկաներին, իմ ընտանիքին, որ այս ծանր փորձության միջով հետս անցավ, իմիջիայլոց, փորձությունը չի ավարտվել, սա ընդամենը միջանկյալ փուլ է, իմ փաստաբանական թիմին, որը հրաշալի աշխատեց, լրատվական համայնքին, որը մեծ հետաքրքրություն ցուցաբերեց այս գործի նկատմամբ, և, կարծում եմ, իր ուշադրությամբ, լուսաբանմամբ, իսկապես հսկայական օժանդակություն ցուցաբերեց։ Շնորհակալություն եմ հայտնում իմ համախոհներին։

Ըստ էության, մենք բոլորս միասին գտնվում ենք մի պայքարի մեջ մեր հայրենիքի, մեր իղձերի իրականացման համար, պարզապես այնպես ստացվեց, որ այս անգամ տուժողը ես էի, որոշ ժամանակով ստիպված եղա իմ ազատությամբ վճարել։ Կարծում եմ՝ այս ամեն ինչն ընդամենը փոքր դրվագ է շատ ավելի մեծ պայքարի համայնապատկերի մեջ, այն պայքարի, որի համար մարդիկ կյանք են տվել, մարդիկ ազատություն, առողջություն են կորցրել»,-ասել է նա։

Չալաբյանը խոստացել է պատեհ ժամանակ, երբ դատական պրոցեսների պիկից դուրս գան, հանդես գալ ասուլիսով։ Միաժամանակ հիշեցրել է, որ երկու օրից դատավարություն է, որը կարող է նորից բերել ազատազրկման։

Չալաբյանը կալանավորված էր մայիսի 14-ին։ Հուլիսի 11-ին կալանքի ժամկետը երկարացրել էր ևս 15 օրով։

Հուլիսի 26-ին Ավետիք Չալաբյանն իր դեմ հարուցված քրգործով առաջին նախնական դատական նիստում, դիմելով դատավորին, ասել էր, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հետապնդում է իրեն և իր ընտանիքին, և որ բոլոր փաստերը հրապարակվելու են։

Չալաբյանը ձերբակալվել է մայիսի 12-ին։ Ըստ Քննչական կոմիտեի՝ քաղաքական ընդդիմության կողմից կազմակերպվող հավաքներին մասնակցելու և որոշակի գործողություններ կատարելու դիմաց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ուսանողական խորհրդի նախագահին նյութապես շահագրգռել են՝ առաջարկելով երկու հազար ուսանողի հավաքներին ներգրավելու դիմաց տրամադրել 2,000,000 դրամ գումար: Չալաբյանին ազատ արձակելու կոչով էր հանդես եկել 80-ից ավելի հասարական գործիչ և գործարար։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---