Ավանում մտադիր են ձուլարան կառուցել․ Բնակիչները դեմ են

Ավանում մտադիր են ձուլարան կառուցել․ Բնակիչները դեմ են

PanARMENIAN.Net - «Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին փորձում է թույլտվություն ստանալ Աճառյան 2 փակուղի հասցեում թունավոր արտանետմամբ մետաղաձուլարան կառուցելու համար, որտեղ ջարդոններից ստանալու են մետաղական ալյումին և պղինձ, ինչպես նաև բրոնզի ու լատունի ձուլվածքներ: Ընկերությունը շրջակա միջավայրի վրա ազդեցության նախնական գնահատման նոր հայտ է ներկայացրել ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն։

Ավան վարչական շրջանի Ծարավ Աղբյուր թաղամասի 10,000 ավելի բնակիչները դեմ են իրենցից ընդամենը մի քանի հարյուր մետր հեռավորության վրա մետաղաձուլարան կառուցելուն: Եվ «Նորավան», «Ավան 2» և մյուս բոլոր համատիրությունները պատրաստվում են բնակիչների բողոքը, դժգոհությունը և անհամաձայնությունը բարձրաձայնել և հուսով են, որ պատկան մարմինները կմերժեն և թույլ չեն տա թունավոր արտանետումներով արտադրամասի կառուցումը բնակելի շրջանի տարածքում։ Բնակիչներն իրենց իրավունքների պաշտպանության և շրջակա միջավայրի աղտոտումն ու թունավորումը կասեցնելու հարցում վճռական են և պատրաստ պայքարի, գրում է «Ա1+»-ը։

Ձուլարանի նախնական արտադրական հզորությունը տարեկան նախատեսվում է 900 տոննա, պլանավորվում է ծավալները տարեցտարի մեծացնել։ Նշվում է նաև, որ մետաղաձուլարանի արտանետումներն սպառնալիք կլինեն Ավան վարչական շրջանի և շրջակա տարածքների էկոլոգիային և բնակչության առողջությանը,

Ընկերության առաջին հայտը Երևանի քաղաքապետարանը մերժել էր՝ հաշվի առնելով Երևանի քաղաքապետարանին ուղղված՝ Ավան վարչական շրջանի բնակիչների բողոքները, հանրային լսման ժամանակ մասնակիցների արտահայտված ընդհանուր դժգոհությունը և բացասական կարծիքները:

Նշվում է, որ այս նոր՝ երկրորդ հայտում ընկերությունը որոշակի փոփոխություններ է կատարել, սակայն շրջակա միջավայրին և բնակչությանը սպառնացող վտանգն ու սպառնալիքները դրանից ամենևին չեն նվազել։

2021 թ. սեպտեմբերին ՀՀ Շրջակա միջավայրի նախարարությունը բացասական եզրակացություն էր տվել Ավանում ձուլարան կառուցելու՝ «Քոփփեռ» ՍՊԸ-ի նախագծին: Ըստ փորձաքննության եզրակացության` պարզվել է, որ սանիտարական պաշտպանիչ գոտու համապատասխան հեռավորությունը բնակավայրերից պահպանված չէ: Բացի դրանից՝ գնահատման հաշվետվությունում չեն ներկայացվել ածխածնի օքսիդի և ալյումինի օքսիդների արտանետումների համար ցրման հաշվարկի արդյունքները:

Հենվելով վերոնշյալ նախարարության «Շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննական» ՊՈԱԿ-ի այս եզրակացության վրա` Երևանի քաղաքապետարանը ևս բացասական եզրակացություն էր տվել: Նույն թվականի դեկտեմբեր ամսին «Քոփփեռ» ՍՊԸ-ն կրկին հայտ էր ներկայացրել Ավանում ձուլարան կառուցելու համար:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---