ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ թիմի հետ և պահպանել առաջատարի դիրքը

ՀՀ շախմատի տղամարդկանց հավաքականը ոչ ոքի է խաղացել ԱՄՆ թիմի հետ և պահպանել առաջատարի դիրքը

PanARMENIAN.Net - Հնդկաստանի Չեննայ քաղաքում ընթացող Շախմատի համաշխարհային 44-րդ օլիմպիադայի 7-րդ տուրում Հայաստանի տղամարդկանց հավաքականը մրցել է ԱՄՆ հավաքականի հետ և ոչ ոքի` 2:2 հաշվով ավարտել հանդիպումը: Այս ոչ ոքիի շնորհիվ Արման Փաշիկյանի գլխավորած թիմը 13 միավորով միանձնյա գլխավորում է մրցաշարային աղյուսակը:

Հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը, որը հանդես է գալիս ԱՄՆ հավաքականի կազմում, բաց է թողել այս հանդիպումը:

Հայաստանի թիմի կազմում հաղթանակներ են տարել գրոսմայստերներ Գաբրիել Սարգսյանն ու Ռոբերտ Հովհաննիսյանը: Առաջին համար Գաբրիել Սարգսյանը սպիտակներով մրցել է Ֆաբիանո Կարուանայի հետ և 57-րդ քայլին հաղթանակի հասել, իսկ Հովհաննիսյանը դժվարին պայքարում առավելության է հասել Սեմ Շենքլանդի նկատմամբ՝ ոչ ոքի պարգևելով Հայաստանի թիմին:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ, գրոսմայստեր Հրանտ Մելքումյանը սև խաղաքարերով մրցել է Ուեսլի Սոյի հետ և պարտություն կրել, Սամվել Տեր-Սահակյանն էլ զիջել է Լեյներ Դոմինգես Պերեսին:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում հաղթել է Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2.5:1.5), Ավստրիային (3:1), Անգլիային (2.5:1.5) և Հնդկաստանի երկրորդ թիմին (2.5:1.5):

Հայաստանի կանանց հավաքականն էլ 7-րդ տուրում ուժերը չափել է Իսրայելի թիմի հետ և 2.5:1.5 հաշվով հաղթանակ է տարել: Առաջին համար Էլինա Դանիելյանը սպիտակներով ոչ ոքի է խաղացել Մարսել Եֆրոիմսկիի, Լիլիթ Մկրտչյանը՝ Դինա Բալենկայայի, իսկ Աննա Սարգսյանը՝ Մաշա Կլինովայի հետ: Կանանց թիմի կազմում միակ հաղթանակը տարել է Սուսաննա Գաբոյանը՝ առավելության հասնելով Միչալ Լահավի նկատմամբ:

Հայաստանի հավաքականը նախորդ տուրերում առավելության է հասել Բոթսվանայի (4:0), Նորվեգիայի (4:0), Իռլանդիայի (4:0), Ինդոնեզիայի (3:1) և Անգլիայի (3.5:0.5) նկատմամբ, պարտվել է միայն Էստոնիային (1.5:2.5): Զավեն Անդրիասյանի թիմը 11 միավոր ունի իր ակտիվում:

Համաշխարհային օլիմպիադայում կանցկացվի 11 տուր։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
---