ԱԺ-ում և Գյումրիում պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգողի ինքնությունը պարզվել է

ԱԺ-ում և Գյումրիում պայթուցիկների տեղադրման մասին կեղծ ահազանգողի  ինքնությունը պարզվել է

PanARMENIAN.Net - ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում ձեռնարկված քննչական և վարույթային անհետաձգելի գործողությունների, ինչպես նաև ՀՀ ոստիկանության ծառայողների հետ համատեղ իրականացված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են օգոստոսի 15-ին և 16-ին ահաբեկչության ու առանձնապես խոշոր չափի գույք ոչնչացնելու սպառնալիքի վերաբերյալ կեղծ ահազանգեր կատարելու դեպքերի մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ դրանք իրականացրած անձի ինքնությունը:

Նշվում է, որ 2022-ի օգոստոսի 15-ին և 16-ին՝ տարբեր ժամերի, հաղորդումներ են ստացվել այն մասին, որ ՀՀ ոստիկանության Մուշի բաժին է զանգահարել Գևորգ Սարգսյան ներկայացած անձը և հայտնել, թե պատրաստվում է պայթեցնել ՀՀ Ազգային ժողովի, Գյումրու տարածքային հարկային տեսչության, ինչպես նաև` այլ վարչական շենքեր:

Իրականացված անհետաձգելի միջոցառումների արդյունքներով հաղորդմամբ ներկայացված հանգամանքները չեն հաստատվել. պարզվել է, որ ահազանգերը կեղծ են և չեն համապատասխանում իրականությանը:

Ձեռնարկված համապատասխան միջոցառումների արդյունքում տվյալներ են ստացվել կեղծ ահազանգեր կատարած անձի ինքնության վերաբերյալ, ով Գյումրի քաղաքի՝ 62-ամյա բնակիչ է:

ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել են քրեական վարույթներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասի և 194-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով, որոնք միացվել են մեկ վարույթում:

Գյումրի քաղաքի բնակիչը ահաբեկչության մասին սուտ տեղեկություններ տարածելու կասկածանքով ձերբակալվել և ներկայացվել է վարույթն իրականացնող մարմին:

Նախաքննությունը շարունակվում է։

Օգոստոսի 14-ին՝ ժամը 16։46-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հերթական անգամ տեղեկություն էր ստացվել, որ մետրոպոլիտենի բոլոր կայարաններում, զինվորական և քաղաքացիական բոլոր կարևորագույն օբյեկտներում, առևտրի բոլոր կենտրոններում, կենդանաբանական այգում, Բաղրամյան 19 հասցեում, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում պայթուցիկ սարքեր են տեղադրված։ Տեղազննման աշխատանքների արդյունքում պայթուցիկ սարքավորումներ չեն հայտնաբերվել։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---