11 ապրիլի 2009 - 14:36 AMT
Սուլեյման Դեմիրել. Թուրքիան ոչինչ չի շահի Հայաստանի հետ սահմանը բացելուց
ԱՄՆ-ն, Եվրոպան ու Ռուսաստանը հայ-թուրքական սահմանի բացման հաշվին ցանկանում են լուծել իրենց աշխարհաքաղաքական խնդիրները Հարավային Կովկասում: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախկին նախագահ Սուլեյման Դեմիրելը: Նրա խոսքերով, ԱՄՆ-ն բազմիցս է առաջարկել Թուրքիային բացել Հայաստանի հետ սահմանը: «Ես նրանց միշտ հարցրել եմ, թե ինչ կշահի դրանից Թուրքիան, սակայն նրանք ոչինչ չէին պատասխանում: Մենք իմ ընկեր Հեյդար Ալիեւի հետ այնպիսի հարաբերություններ ստեղծեցինք Թուրքիայի ու Ադրբեջանի միջեւ, որ նրանք անխախտ են, նրանց հիմքը շատ ամուր է, իսկ այժմ կան որոշ քաղաքական գործիչներ, որոնք պարզամտության կամ անհեռատեսության պատճառով կարող են վնասել մեր հարաբերություններին: Այժմ ԱՄՆ-ն ցանկանում է Թուրքիայի միջոցով ամրապնդվել Հայաստանում: Իսկ նման իրավիճակը կարող է կտրուկ խարխլել Բաքվի դիրքերը, քանի որ ԱՄՆ-ի մերձեցումը Հայաստանի հետ չի բխում Ադրբեջանի շահերից: Ղարաբաղյան հակամարտության կարգավորումը կարող է ձգձգվել եւ տարիներ տեւել, ինչը հավասարազոր է Լեռնային Ղարաբաղը կորցնելուն»,-ասել է Դեմիրելը:

Նա գտնում է, որ եթե Անկարան իրոք մտադիր է դառնալ Կովկասի աշխարհաքաղաքական առաջնորդներից մեկը, ապա պետք է այնպիսի պայմաններ դնի եւ այնպես օգտագործի իր ազդեցությունը, որ կարողանա հասնել Ղարաբաղին մերձակա «գրավյալ տարածքների» ազատագրմանը, գրում է թուրքական «Միլիեթ» թերթը: