Շինարարությունը Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկն է

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն մասնակցել է Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում «Պրոմ էքսպո» ընկերության կողմից, նաեւ ՀՀ կառավարության աջակցությամբ կազմակերպված «Շինարարություն եւ ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսի բացմանը։ Այդ մասին հայտարարել է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:

Ողջունելով միջոցառման մասնակիցներին, վարչապետը նշել է, որ կառավարությունն աջակցում է ավանդաբար կազմակերպվող այս ցուցահանդեսին` նպատակ ունենալով խթանել շինարարության ոլորտում գործող ընկերությունների միջեւ փորձի, ժամանակակից տեխնոլոգիաների կիրառման վերաբերյալ տեղեկատվության փոխանակումը, պարզելու համար, թե որո՞նք են այն նորամուծությունները, որ հնարավոր է ապահովել այս բնագավառում։

«Գաղտնիք չէ, որ շինարարությունը Հայաստանի տնտեսության շարժիչներից մեկն է եւ այսօր այդ ոլորտում մասնավոր ներդրումների նվազումը էական ազդեցություն է թողնում ընդհանուր տնտեսական համակարգի եւ համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա։ Նաեւ ուզում եմ օգտվել այս հնարավորությունից ու եւս մեկ անգամ ձեր ուշադրությունը հրավիրել այն նոր նախաձեռնության վրա, որով հանդես եկավ օպերատիվ շտաբը երեկ, այն է` կառավարությունը` նպատակ ունենալով խրախուսել եւ աջակցել շինարարության ոլորտի զարգացումը, բացառիկ որոշում է ընդունել` տրամադրել պետական երաշխիքներ կառուցապատողներին, որպեսզի նրանք կարողանան մեծ ծավալով վարկեր ներգրավել առեւտրային բանկերից եւ շինարարությունը նոր թափ ստանա։ Համոզված եմ, որ այսօրվա ցուցահանդեսը նույնպես այդպիսի բացառիկ հնարավորություն է, որով մենք փորձում ենք խթանել ընդհանրապես շինարարության ոլորտի զարգացումը ՀՀ-ում», - ասել է վարչապետը։

Բացման արարողությունից հետո, վարչապետ Տիգրան Սարգսյանը շրջել է ցուցահանդեսի տաղավարներում, ծանոթացել ոլորտի մի քանի տասնյակ ընկերությունների արտադրանքի նմուշներին։



«Պրոմ էքսպո» ընկերության կողմից կազմակերպված «Շինարարություն եւ ինտերիեր 2009» մասնագիտացված ազգային ցուցահանդեսը կազմակերպվում է արդեն երկրորդ անգամ: Մասնակցում են հարյուրից ավելի հայրենական եւ արտերկրի ընկերություններ, որոնք 3200ք.մ մակերեսի վրա ներկայացնում են իրենց արտադրանքի շուրջ 500 տեսակ:



Ցուցահանդեսի կազմակերպմանը աջակցել են Հայաստանի կառավարությունը, էկոնոմիկայի նախարարությունը, Երեւանի քաղաքապետարանը, Առեւտրատնտեսական պալատը, Զարգացման հայկական գործակալությունը եւ Փոքր ու միջին բիզնեսի զարգացման ազգային կենտրոնը:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---