13 ապրիլի 2009 - 18:54 AMT
Եթե Թուրքիան Հայաստանի հետ խոսի նախապայմանների լեզվով, Երեւանը նույն կերպ կվարվի
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունն այն մասին, որ նախքան ղարաբաղյան հիմնախնդրի լուծումը հայ-թուրքական սահմանը չի բացվելու, բավական լուրջ է եւ կարող է փակուղու առաջ կանգնեցնել հայ-թուրքական բանակցությունները: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Հայ Դատ» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: «Փաստորեն, հայերի առջեւ պայմաններ են դնում, եւ մենք ստիպված ենք լինելու խոսելու նույն այդ նախապայմանների եւ ուլտիմատումների լեզվով: Եթե Թուրքիան շարունակի նման հայտարարություններ կատարել, ապա այս տարի սահմանը միգուցե եւ չբացվի: Իրականում գլխավորը բոլորովին էլ սահանի բացումը չէ, այլ Հայաստանի ու Թուրքիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատումը, սահմանի բացումը երկրորդական է»,- ընդգծել է Մանոյանը: «Հայ Դատ» գրասենյակի ղեկավարի խոսքով, մի կողմից Թուրքիան չի ցանկանում փչացնել իր հարաբերությունները իսլամական աշխարհի հետ, իսկ մյուս կողմից ակնհայտ է 1993թ. կարգավիճակին վերադառնալու եւ վերջնականապես Ադրբեջանի գերին չդառնալու ձգտումը:

Դրա հետ մեկտեղ Մանոյանը հաղորդել է, որ ՀՅԴ կուսակցությունը հայ-թուրքական սահմանի բացման հետեւանքների տնտեսական հիմնավորում է պատրաստել: