ԳՇ պետ․ Ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4․5 կմ հեռավորության վրա են

ԳՇ պետ․ Ադրբեջանցիները Ջերմուկի մատույցներից 4․5 կմ հեռավորության վրա են

PanARMENIAN.Net - Ներկա դրությամբ Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների խմբերը գտնվում են Ջերմուկ քաղաքի մատույցներից 4․5 կմ հեռավորության վրա։ Այդ մասին ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Էդվարդ Ասրյանն ասել է դիվանագիտական ներկայացուցիչների հետ հանդիպմանը։

Ջերմուկից մինչև սահման մինչ ռազմական գործողությունների սկսվելը հակառակորդի հեռավորությունը եղել է 11, 12 կիլոմետր։

«Այն, ինչ ներկայացրել եմ Ջերմուկի ուղղությամբ հակառակորդի մխրճման խորության մասով տեղի է ունեցել սկսած սեպտեմբերի 12-ից լույս 13-ի գիշերը մինչև հրադադարի ռեժիմ հաստատելը»,-ասել է նա։

Նա հայտնել է նաև, որ Ջերմուկում հարված է հասցվել նաև ճոպանուղուն, երբ քաղաքում եղել են զբոսաշրջիկներ, տարբեր երկրների քաղաքացիներ, բնակիչներ, քանի որ քաղաքացիները տարհանում չի իրականացվել։ ԳՇ պետը նշել է, որ ճոպանուղու տարածքում կան նաև մանկական հրապարակներ։

Նա հավելել է, որ Ադրբեջանի ԶՈւ հանցագործությունները իրականացվել են հարձակման բոլոր ուղղություններով և միանշանակ կարելի է ասել, որ որպես նշանակետեր ընտրել են նաև քաղաքացիական ենթակառուցվածքները։

«Ինչո՞ւ, կարող եմ հիմնավորել, որովհետև սկզբից էլ նշեցի, որ Ջերմուկ քաղաքը միջազգային կարգավիճակով առողջարանային կենտրոն է։ Թիրախավորելով Ջերմուկ քաղաքի ենթակառուցվածքները՝ Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը հետապնդել է ՀՀ տնտեսությանը լուրջ տնտեսական հարված հասցնելու նպատակ»,-ասել է նա։

Ասրյանը նաև ասել է, որ ադրբեջանցիները առաջխաղացում ունեն նաև Ներքին Հանդի և Շորժայի ուղղությամբ՝ 1.5 կմ, իսկ Իշխանասարի ուղղությամբ՝ 0.5 կմ։

ԳՇ պետը հայտարարել է, որ մյուս ուղղություններով հակառակորդը հետ է շպրտվել, ադրբեջանական որոշ ջոկատներ մխրճման արդյունքում հայտնվել են մեր ստորաբաժանումների հսկողության տակ, նաև շրջափակման մեջ։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---