Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին

Կառավարությունը կաջակցի Ադրբեջանի ագրեսիայի հետևանքով տեղահանվածներին

PanARMENIAN.Net - ՀՀ տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած լայնածավալ ագրեսիայի պատճառով ժամանակավորապես տեղահանված քաղաքացիներին հրատապ աջակցություն ցուցաբերելու և պետական մարմինների հետ աշխատանքի արդյունավետ կազմակերպման նպատակով, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ՝ գործարկվել է Առաջնային կարիքի հաշվառման հարթակը։

Այն հնարավորություն կտա հավաքագրել ստեղծված իրավիճակով պայմանավորված աջակցության անհրաժեշտություն ունեցող քաղաքացիների կարիքները և դրանք ինքնաշխատ եղանակով փոխանցել մարզպետարանների և ՏԻՄ-երի պատասխանատուներին, տեղեկացնում է նախարարությունը։

Հարթակում քաղաքացին լրացնում է իր անձնական տվյալները, որից հետո նշում կարիքների մասին, օրինակ՝ սնունդ, հագուստ, դեղորայք, խնամքի ծառայություններ և այլն:

Լրացված հայտն ինքնաշխատ եղանակով տրմադրվում է մարզպետարաններին և ՏԻՄ-երին, որոնք կարձագանքեն բացահայտված կարիքներին և համակարգում կարտացոլեն դրանց բավարարման կարգավիճակը․ օրինակ՝ նշելով՝ կարիքը բավարարված է, նման կարիք չի հայտնաբերվել և այլն։

Հարթակը հնարավորություն կտա նաև մասնավոր նախաձեռնություններին և հասարակական կազմակերպություններին այս համակարգում մուտքագրել իրենց կողմից հայտնաբերված քաղաքացիների կարիքները, որոնց, նույն ընթացակարգով, կարձագանքեն մարզպետարանները կամ ՏԻՄ–երը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 16-ի դրությամբ հայկական կողմը 135 զոհ ունի, բայց թիվը, ըստ ՀՀ վարչապետի, վերջնական չէ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---