ICG-ն վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին պատերազմի պատճառները

ICG-ն վերլուծել է հայ-ադրբեջանական սահմանին վերջին պատերազմի պատճառները

PanARMENIAN.Net - Միջազգային ճգնաժամային խումբը (ICG) ծավալուն հոդված է հրապարակել՝ վերլուծելով հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերին բռնկված պատերազմի պատճառները: ICG-ի փորձագետները մի քանի հնարավոր նպաստող գործոններ են տեսնում դրա համար, գրում է «Առավոտը»։

Դրանցից մեկն այն է, որ Ադրբեջանը, հնարավոր է, օգտվում է Ուկրաինայում Ռուսաստանի պատերազմից, որը շեղել է ոչ միայն Մոսկվային, այլև Փարիզին և Վաշինգտոնին, ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս համանախագահներին, որոնք մինչև վերջերս խաղաղության բանակցությունների գլխավոր հովանավորն էին։ Նշվում է, որ ըստ այս տեսության, որը Երևանում կիսում են շատերը, մինչ համանախագահներն այլ ուղղությամբ են զբաղված, Բաքուն օգտագործել է պահը՝ բարելավելու ռազմավարական քարտեզը հօգուտ իրեն և ավելի լավ դիրքավորվելու Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար:

Երկրորդ գործոնն այն է, որ Ադրբեջանը, հնարավոր է, շտապում է՝ պատճառներից մեկը կարող է լինել այն, որ նա սպասում է 2023թ. հունիսին կայանալիք Թուրքիայի ընտրություններին և անհանգստացած է, որ նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, որը Բաքվի հավատարիմ աջակիցն է, կարող է թուլանալ՝ այդպիսով նվազեցնելով բանակցություններում ցուցաբերվող աջակցությունն Ադրբեջանին։

«Թուրքիայի ցանկացած կառավարություն կաջակցի Ադրբեջանին, բայց ոչ բոլոր կառավարությունները կպաշտպանեն Ադրբեջանի շահերը Ռուսաստանից, ինչպես դա անում է Էրդողանը, և անկախ կլինի Արևմուտքից», – Crisis Group-ին ասել է Բաքվի կառավարամետ վերլուծաբաններից մեկը, որի անունը չի հաղորդվում:

Որպես երրորդ գործոն նշվում է, այն, որ Երևանում ոմանք սրացումը կապում են Ադրբեջանի ցանկության հետ՝ ապահովել ռուս սահմանապահների կողմից վերահսկվող հատուկ ցամաքային միջանցք Հայաստանի տարածքով դեպի ադրբեջանական էքսկլավ Նախիջևան: Ըստ բանակցություններին ծանոթ արևմտյան դիվանագետների, 2022թ. գարնանը երկու առաջնորդները մոտ էին երթուղիների շուրջ համաձայնության հասնելուն, սակայն այս հարցում բեկում մտցնելու հույսերը, որը դիվանագետները համարում էին ամենահեշտ լուծումներից մեկը՝ դրանում ընդհանուր տնտեսական շահագրգռվածության պատճառով, ի չիք դարձան օգոստոսի 31-ի գագաթնաժողովում:

Ըստ ICG փորձագետների՝ համագործակցության միջոցով առաջընթացի տապալման պատճառներից մեկն այն է, որ Բաքուն իր առջև նպատակն է դրել հասնել վերջնական համապարփակ խաղաղ կարգավորման, ինչը նշանակում է, որ նա ավելի քիչ շահագրգռված է լուծել առանձին երկկողմանի խնդիրները նման պայմանագրից առաջ, նույնիսկ եթե դրանց շուրջ համաձայնությունը կարող է ավելի հեշտ լինել: Ի Հոդվածում նշվում է նաև, որ ի վերջո, Բաքվում ոմանք ասում են, որ Ադրբեջանը ցանկանում է ճնշում գործադրելով Հայաստանի վրա՝ վերադարձնել վերահսկողությունը 8 գյուղի նկատմամբ, որոնք «գտնվում են Հայաստանի վերահսկողության տակ, բայց գտնվում են ՄԱԿ-ի կողմից ճանաչված Ադրբեջանի սահմանի ներսում, որը համապատասխանում է խորհրդային ժամանակաշրջանի վարչական գծին»: Հայաստանն իր հերթին նույնպես ունի էքսկլավ Ադրբեջանում՝ Արծվաշենը, որը վերահսկվում է Բաքվի կողմից։

«Ադրբեջանը կփորձի օգտագործել Հայաստանի տարածքում գտնվող նոր տարածքների նկատմամբ իր վերահսկողությունը որպես սակարկության առարկա՝ էքսկլավները հետ բերելու համար»,- ասել է ադրբեջանցի փորձագետը՝ հավելելով, որ այդ հարցը Բաքվի համար առաջնահերթություն է 2020թ-ից:

Հոդվածագիրը կարծում է, որ խաղաղության հեռանկարները գնալով ավելի աղոտ են թվում: Երկու կողմի միջև ուժային տարբերությունը, ըստ երևույթին, գնալով ընդլայնվում է, ինչը կարող է հիմք հանդիսանալ ավելի մեծ պայքարի համար, եթե Բաքուն որոշի գործի դնել առավելությունը: Ինչպես վերջին շրջանի մյուս էսկալացիոն փուլերում, վերջին ռազմական գործողությունից էլ Ադրբեջանը դուրս եկավ ուժեղացած դիրքերով՝ ցույց տալով իր գերակայությունը մարտադաշտում:

Նշվում է, որ Ադրբեջանն ամուր դիրքեր ունի նաև աշխարհաքաղաքական առումով, հաշվի առնելով, որ եվրոպական տերությունները ձգտում են ռուսական գազի անջատումների ֆոնին էներգիայի արտահանման նոր աղբյուրներ գտնել, իսկ Հայաստանի գլխավոր պաշտպանը՝ Ռուսաստանը, իր սեփական հակամարտության համար է պայքարում:

Վերջին մարտերում Բաքվի գործադրած ուժի մակարդակն այն դեպքում, երբ նա հրապարակայնորեն ներգրավված էր և գոհունակություն էր հայտնում խաղաղության բանակցություններից, խորապես խարխլել է Երևանի վստահությունը բանակցությունների նկատմամբ: «Ինչ թուղթ էլ ստորագրենք, մի վայրկյանում այն կդառնա զուգարանի թուղթ, և մենք դեռ կունենանք պատերազմ», – սեպտեմբերի 16-ին ICG-ի հետ զրույցում ասել է անանուն հայ բարձրաստիճան պաշտոնյան՝ հավելելով, որ Հայաստանը ցանկացած խաղաղության համաձայնագրի համար պետք է ստանա միջազգային երաշխիքներ:

Առաջ գնալու ամենահեռանկարային ուղին, ըստ հոդվածագրի, ներառում է բոլոր հիմնական միջնորդների՝ Ռուսաստանի, ԵՄ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ներգրավվածությունը՝ շարունակել առաջ շարժվել նույն ուղղությամբ:

«Միայն Բաքվի և Երևանի վրա ազդեցություն ունեցող միջազգային դերակատարների կողմից շարունակվող ուշադրությունը կարող է հույս տալ, որ հետագա բռնությունները կդադարեն»,- եզրափակում է հոդվածագիրը: ‌

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---