Փաշինյան․ Վերջին ագրեսիայի զոհերի անունները կհրապարակվեն ինստիտուցիոնալ մեխանիզմով

Փաշինյան․ Վերջին ագրեսիայի զոհերի  անունները կհրապարակվեն ինստիտուցիոնալ մեխանիզմով

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերության եթերում, պատասխանելով այն հարցին, թե ինչու չեն հրապարակվում վերջին ադրբեջանական ագրեսիայի զոհերի անունները, ասել է, որ, 44-օրյա պատերազմի փորձը հաշվի առնելով, որոշվել է նահատակների անունները հրապարակել ինստիտուցիոնալ մեխանիզմով։ Այսինքն անունները հրապարակվում են զինծառայողների ապահովագրության հիմնադրամի միջոցով։

Փաշինյանն ասել է, թե դա չի նշանակում, որ անվանացուցակը գաղտնի է պահվում՝ հավելելով, որ 44-օրյա պատերազմի զոհերի անունների ամբողջական ցանկը ևս այնտեղ է հրապարակվել։

Նա նշել է, որ, բնականաբար, նույնականացված զոհերի ընտանիքները տեղեկացված են, բայց կան դեպքեր, երբ նույնականացումը դեռ վերջնական չէ։

«Դեպքեր են եղել, երբ սխալ անուններ են հրապարակվել, նույնիսկ դեպք է եղել, երբ հարազատները վիզուալ ճանաչել են մարմինը, բայց ԴՆԹ նույնականացմամբ այլ բան է պարզվել: Նման թյուրիմացություններից խուսափելու համար ճիշտ է, որ կա ինստիտուցիոնալ մեխանիզմ, որով հրապարակվում են այն դեպքերը, որոնք դե յուրե հաստատվել են»,-ասել է վարչապետը։

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ ծայրահեղ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը 207 զոհ և անհետ կորած ունի, ինչպես նաև 20 գերի։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ինքնիշխան տարածքում ապօրինաբար գտնվող Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումներն ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ հերթական անգամ կոպտորեն խախտելով հրադադարի ռեժիմը՝ կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 3 զոհ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---