Փաստաբան․ Զոհված զինծառայողների 6 ծնող տուժող է ճանաչվել Եռաբլուրում բռնության գործով, բռնություն գործադրողներին դեռ չեն գտել

Փաստաբան․ Զոհված զինծառայողների 6 ծնող տուժող է ճանաչվել Եռաբլուրում բռնության գործով, բռնություն գործադրողներին դեռ չեն գտել

PanARMENIAN.Net - Փաստաբան Վահան Հովհաննիսյանը հայտնել է, որ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից 6-ն արդեն տուժող է ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակում, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Սեպտեմբերի 21-ի վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բռնի ուժի գործադրմամբ Եռաբլուրից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողների, որոնք ցանկանում էին թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել Եռաբլուր։

Հովհաննիսյանը նշել է, որ ծնողների և ոստիկանության ծառայողների միջև առերես հարցաքննություն դեռևս տեղի չի ունեցել՝ հավելելով, որ անցած երկու շաբաթվա ընթացքում ՔԿ-ին «չի հաջողվել» պարզել, թե ովքեր են բռնություն գործադրել ծնողների նկատմամբ, «թեև համացանցը հեղեղված է նրանց վերաբերյալ տեսանյութերով»։

Նա նշել է, որ վարույթի շրջանակներում պետք է հարցաքննվի ընդհանուր առմամբ 37 ծնող։ Տուժող կճանաչվեն այն ծնողները, ում նկատմամբ ոչ իրավաչափ բռնություն է կիրառվել՝ առանց իրավական պահանջ ներկայացնելու։

Ոստիկանությունից հայտարարել է, որ զոհված զինծառայողների ծնողները բերման են ենթարկվել ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար, թեև տեսանյութերում երևում է, որ ոստիկանները որևէ պահանջ չեն ներկայացրել։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---