ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների խոշտանգման մասին․ Առանց ցավազրկման վիրահատել են, ներքին կարեր դրել

ՀՀ ՄԻՊ-ը՝ գերիների խոշտանգման մասին․ Առանց ցավազրկման վիրահատել են, ներքին կարեր դրել

PanARMENIAN.Net - ՀՀ ՄԻՊ Քրիստինե Գրիգորյանը ասուլիսում, անդրադառնալով Ադրբեջանում հայ գերիների խոշտանգումների թեմային, հայտարարել է, որ այդպիսի դեպքեր են եղել անգամ հոսպիտալի բուժանձնակազմի կողմից՝ առանց ցավազրկման վիրահատել են, կարեր դրել գերության մեջ գտնվող վիրավոր հայ զինծառայողներին, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

«Անգամ զինվորական հոսպիտալում, երբ անձը գտնվել է բժշկական խնամքի ներքո, իր նկատմամբ եղել է վատ վերաբերմունք, որը դրսևորվել է մի քանի ձևով։ Օրինակ՝ առանց ցավազրկելու միջամտություններ կատարելն այն դեպքերում, երբ պետք է կատարել ցավազրկումով՝ վիրահատություն, վերքերը կարելու, բուժման պրոցեսի միջամտություններն են, որոնք բժշկական պրոտոկոլներով ենթակա են ցավազրկման»,- նշել է նա՝ հավելելով, որ վատ վերաբերմունք է եղել նաև վերբալ հոգեբանական ճնշումների տեսքով։

ՄԻՊ-ը նշել է, որ մանրամասները կներկայացնեն փակ զեկույցով։

Անդրադառնալով հայ զինծառայողների գնդակահարության ու զինծառայող կնոջ անդամահատության դեպքերին՝ ՄԻՊ-ն ասել է, որ դեռ օգոստոսին ՄԱԿ-ի խտրականության վերացման դեմ կոմիտեն Ադրբեջանի վերաբերյալ զեկույցում արձանագրել էր, որ Ադրբեջանը Կոմիտեին որևէ ապացույց չէր ներկայացրել այն մասին, թե ինչպես է կատարել նախկին հանձնարարականները՝ կրթական ծրագրերում ներդրված հայատյացության քաղաքականության վերացման վերաբերյալ, գրում է «Առավոտը»։

Այդ նույն զեկույցում, ի պատասխան պատերազմական հանցագործությունների մասին հարցման, ադրբեջանական կողմը տեղեկացրել էր, որ 11 քրեական գործ է հարուցվել, մեղադրյալներ կան, բայց ՄԻՊ-ը մեդիազեկույցներ է գտել, որ այդ անձինք ընդամենը երկամսյա տնային կալանք են ստացել:

Գրիգորյանը սա անպատժելիության ապացույց է համարում, ավելին՝ կարծում է, որ Ադրբեջանում խրախուսվում են պատերազմական հանցագործությունները, այլապես ծանր հանցագործություն կատարող ստորաբաժանումների արարքները մշտապես չէին տեսանկարահանվի և սոցիալական ցանցերում տարածվի: ՄԻՊ-ը նաև կարծում է, որ հայ զինվորների զանգվածային գնդակահարության տեսանյութի վերաբերյալ Ադրբեջանի դատախազության հայտարարությունը քրեական գործ հարուցելու մասին ոչ թե քրգործի հարուցում էր, այլ ավելի շատ մեղադրանք, քանի որ իրենք խոսում են սադրիչների մասին ու դա միջազգային հանրության աչքին շղարշ մատուցելու նպատակ ունի ընդամենը, իբրև թե իրենց երկում արդարադատություն է գործում: Օմբուդսմենն ասել է՝ ապացույց ունեն, որ պատերազմական հանցագործության համար իբր պատժված՝ երկու ամսով տնային կալանք կրած անձը հետագայում խրախուսվել է՝ պաշտոնական առաջխաղացմամբ, նաև այլ պարգևատրում ստացել և այդ տեղեկատվությունը հնարավոր է գտնել Ադրբեջանի ՊՆ կայքում:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։

Սեպտեմբերի 19-ի դրությամբ հայկական կողմը հայտարարել է 207 զոհի և անհետ կորածի մասին։ Այդ մասին հայտարարել է ՀՀ ԱԽ-ն։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---