Եռաբլուրից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհվածների ծնողներից 16-ը տուժող է ճանաչվել

Եռաբլուրից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհվածների ծնողներից 16-ը տուժող է ճանաչվել

PanARMENIAN.Net - «Եռաբլուր» զինվորական պանթեոնում ոստիկանության ծառայողների կողմից ուժի կիրառմամբ բերման ենթարկված զոհված զինծառայողների ծնողներից 16-ն արդեն տուժող են ճանաչվել՝ քրեական վարույթի շրջանակում։ Այս մասին հայտնել է ծնողների ներկայացուցիչ, փաստաբան Վահան Հովհաննիսյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Սեպտեմբերի 21-ին՝ Անկախության օրը վաղ առավոտյան ոստիկանության ծառայողներն անհամաչափ բենի ուժի գործադրմամբ Եռաբլուրից բերման են ենթարկել 37 քաղաքացու՝ զոհված զինծառայողների ծնողներին, որոնք ցանկանում էին թույլ չտալ Նիկոլ Փաշինյանին՝ մուտք գործել պանթեոն՝ նշելով, որ իրենց որդիների մահվան մեղավորը չի կարող մուտք գործել Եռաբլուր։

Հովհաննիսյանը նշել է, որ դատաբժշկական փորձաքննությունների եզրակացությունը դեռևս չի ստացվել, և որ զոհված զինծառայողների ծնողների հարցաքննությունից հետո միայն քննիչը կհարցաքննի ոստիկանության ծառայողներին։ Նա նշել է, որ դեռևս որևէ ոստիկան չի հարցաքննվել, կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակ ունեցող անձ չկա։

Ոստիկանությունից հայտնել էին, որ նրանք բերման են ենթարկվել՝ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հիմքով՝ ոստիկանների օրինական պահանջը չկատարելու համար։ Ոստիկանների գործողությունների հետևանքով զոհված զինծառայողների մայրերից հինգը ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը կատարվել է բռնություն գործադրելով։

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---