Արամ Ա․ Հակառակ քաղաքական տարակարծության՝ հայ ազգը կոչված է իր ինքնությունը պահել կենսունակ

Արամ Ա․ Հակառակ քաղաքական տարակարծության՝ հայ ազգը կոչված է իր ինքնությունը պահել կենսունակ

PanARMENIAN.Net - Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն ասել է, որ հակառակ քաղաքական տարակարծության՝ հայ ազգը կոչված է իր ինքնությունը պահել կենսունակ և իր միասնականությունը պահել ամուր։ Այդ մասին նա խոսել է Ուրուգվայի «Ռադիո Արաքս»-ի տնօրեն Դիեգո Կարամանուկյանի հետ զրույցում, տեղեկացնում է Արմենպրեսը։

«Մենք փոքր ազգ ենք, պատմության ընթացքում շատ բան ենք կորցրել՝ նույնիսկ հայրենիք, պետականություն, սակայն մենք չենք կորցրել մեր ինքնությունը, մեր պատկանելիությունը: Եվ մեր ինքնության, և մեր պատկանելիության տարրերը մեր հոգևոր, բարոյական, ազգային, մշակութային արժեքներն են ու ավանդությունները: Մենք կոչված ենք մեր հայրերի ավանդություններին ամուր կառչած մնալ»,- ընդգծել է Արամ Ա կաթողիկոսը:

Անթիլիասում Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսի խոսքով՝ հայ ազգն այսօր գտնվում է ժամանակակից պատմության մեջ ամենավտանգավոր և ճակատագրական փուլում:

«Այս տագնապների դեմ հիմնականը և առաջնահերթը մեր ժողովրդի միասնականությունն է: Եթե նայենք մեր պատմությանը, մեր ժողովրդի ամենաճակատագրական պահերին՝ իրար թշնամի նախարարները կողք կողքի են կանգնել և պաշտպանել հայրենիքը և ազգը, օրինակ՝ Վարդանանց պատերազմի ժամանակ»,- նշել է Արամ Ա-ն:

Արամ Ա-ն շեշտել է, որ ինքը պատրաստ է իր ներկայությամբ երաշխավորել հայ ժողովրդի միասնակությունը:

«Այս գծով ես միշտ իմ պատրաստակամություն հայտնել եմ՝ թե անձնական խոսակցության ճանապարհով, թե հրապարակային ճանապարհով: Այս վերջին շրջանում խորհրդակցություններ են եղել ( խոսքը Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդի, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպման մասին է- խմբ.), երկու վեհափառ հայրապետների միջև մնայուն խորհրդակցություն կա այս գծով և այդ խորհրդակցությունները պետք է շարունակվեն. պետք է մեր քաղաքական պատասխանատուների հետ խոսենք, մեր տեսակետները դառնան ավելի հստակ: Մանավանդ հասարակական մոտեցումը ձևավորելու իմաստով կարևոր են այս խորհրդակցությունները քաղաքական պատասխատուների հետ, նաև ընդդիմադիրների հետ: Կարծում եմ, որ այս հարցում կարևոր դեր ունեն Արցախի և սփյուռքի ղեկավարները»,- շեշտել է Արամ Ա-ն:

Սեպտեմբերի 22-ին կաթողիկոս Գարեգին Երկրորդի հրավերով Մայր աթոռում հանդիպում է եղել, որին մասնակցել են ՀՀ և ԱՀ նախկին նախագահները։ Հայաստանում ստեղծված իրավիճակի առնչությամբ տեղի է ունեցել շահագրգիռքննարկում։ Հանդիպմանը մասնակցել են Հայաստանի և ԼՂՀ նախկին ղեկավարներ Լևոն Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը և Արկադի Ղուկասյանն ու Բակո Սահակյանը։ Որոշվել է շարունակել հանդիպումները։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---