Փաշինյան․ Գազի գինը զգայուն թեմա է՝ անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը

Փաշինյան․ Գազի գինը զգայուն թեմա է՝ անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստում, կարևորելով ԵԱՏՄ-ում գազի ընդհանուր շուկայի շուտափույթ ձևավորումը, ասել է, որ գազի գինը զգայուն թեմա է՝ անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը։

«Էներգետիկ ոլորտում Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ճյուղային շուկաների ձևավորումը դառնում է ոչ միայն ԵԱՏՄ-ի մասին պայմանագրի դրույթների կատարման խնդիր, այլև տնտեսական ինտեգրման ներուժի իրացման և արդյունաբերության ոլորտի լիարժեք զարգացման ռեսուրսային հարթակի անհրաժեշտ պայման»-ասել է Փաշինյանը, հայտնում է «Փաստինֆոն»։

Նա շեշտել է, որ Հայաստանը պատրաստ է կառուցողական երկխոսության՝ գազի ընդհանուր շուկայի ձևավորման մասին միջազգային պայմանագրի նախագծի որոշ դրույթների կարգավորման շուրջ, որի իրականացումը թույլ կտա անդամ պետություններին ամբողջ ծավալով օգտվել գազի ընդհանուր շուկայի առավելություններից:

«Հակառակ դեպքում ԵԱՏՄ անդամ երկրները մինչև երկկողմ համաձայնագրերի ավարտը չեն կարողանա օգտագործել գազի ընդհանուր շուկայի ներուժը։ Սա շատ զգայուն թեմա է, և մեզ բոլորիս անհրաժեշտ է հասկանալ գնային հորիզոնի շրջանակը առնվազն միջնաժամկետ հեռանկարում»,- նշել է Փաշինյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցել է Երևանում մեկնարկած Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստի աշխատանքներին: Այն անցկացվում է նեղ և ընդլայնված կազմերով։ Միջկառավարական խորհրդի անդամներին տեղեկատվություն է ներկայացվել գազի, նավթի և նավթամթերքի ընդհանուր շուկաների ձևավորման ուղղությամբ միջազգային պայմանագրերի նախապատրաստման ընթացքի, ինչպես նաև Միության ներսում ապրանքների էլեկտրոնային առևտրի կառավարման միասնական վերլուծական համակարգի տեխնիկական առաջադրանքի մշակման մասին: Զեկուցվել է նախորդ նիստերի հանձնարարականների և կարգադրությունների կատարման վերաբերյալ:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---