ՏՏ ընկերությունները հրատապ քայլեր են պահանջում կառավարությունից՝ կոչ անելով ընդունել ռիսկերը մեղմացնող նախագիծը

ՏՏ ընկերությունները հրատապ քայլեր են պահանջում կառավարությունից՝ կոչ անելով ընդունել ռիսկերը մեղմացնող նախագիծը

PanARMENIAN.Net - ՏՏ ոլորտի ընկերությունների ղեկավարները Հայաստանում արտարժույթի արժեզրկմամբ պայմանավորված պահանջում են ՀՀ կառավարությունից հրատապ քայլեր ձեռնարկել ոլորտին աջակցություն տրամադրելու ուղղությամբ։ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Հայկ Չոբանյանն ասուլիսի ժամանակ ասել է, որ այս տարվա փետրվար ամսից արտարժույթի շուկայում աննախադեպ արագությամբ կտրուկ փոփոխություններ են տեղի ունենում։

«Գահավիժում են և դոլարի կուրսը, և եվրոյի։ Սա մեր ոլորտի համար շատ լուրջ նշանակություն ունի, քանի որ այն 90 և ավելի տոկոսով համարվում է արտահանող ոլորտ` պատվերները ստացվում են արտարժույթով։ Այն կորուստները, որոնք կրել են ընկերությունները, դրանց մեծ մասը, եթե ոչ ամբողջը, չվերականգնվող են։ Դրա արդյունքում մենք ունենք փակված, կրճատումներ կատարած ընկերություններ։ Սա հսկայական հարված է Հայաստանի համար ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտին։ ՀՀ բոլոր ռազմավարական փաստաթղթերում բարձր տեխնոլոգիաների ոլորտի դերակատարումը մինչև 70 %–ի է հասնում»,– նշել է ԱՏՁՄ ղեկավարը, գրում է Sputnik Արմենիան։

Չոբանյանը չի հստակեցրել, թե քանիսն են և որոնք են այն ընկերությունները, որոնք արտարժույթի արժեզրկման պատճառով փակվել են։

«Սեպտեմբերի 12-ին Էկոնոմիկայի նախարարությունը հանրային քննարկման է դրել նոր նախագիծ («Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն իրականացնող առևտրային կազմակերպություններին և անհատ ձեռնարկատերերին պետական աջակցության տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ,– խմբ.), որով նախատեսվում է սեպտեմբեր–դեկտեմբեր ամիսների եկամտահարկի վերադարձ։ Սրանով կփոխհատուցվի կրած վնասների առավելագույնը 1/3-րդ մասը։ Այս նախագիծն առ այսօր չի ընդունվել»,– ասել է Չոբանյանը։

Նա ընդգծել է, որ նախագծի վերաբերյալ կառավարությունում որոշակի անհամաձայնություններ կան, իրենք էլ արդեն մի քանի շաբաթ է սպասում են, որպեսզի նախագիծը մտնի ԱԺ։

Ոլորտի մասնագետները պնդում են` կառավարությունը որևէ կերպ պետք է խնդրի լուծում գտնի, քանի որ արտարժույթի արժեզրկումը մեծ ռիսկի տակ է դնում ՏՏ ոլորտի զարգացումը։ ԱՏՁՄ–ն կոչ է անում գործադիրին առաջիկա նիստում ընդունել ՏՏ ոլորտում առաջացած ռիսկերը մեղմացնող նախագիծը։

ՏՏ կազմակերպությունների ղեկավարները ապրիլից սկսած բազմաթիվ հանդիպումներ են ունեցել Կենտրոնական բանկի և բոլոր գերատեսչությունների ղեկավարների հետ, քննարկումներ են եղել։ Հունիս-հուլիս ամիսներին ներկայացվել է ոլորտի աջակցության սուբսիդավորման կառավարության որոշման նախագիծ, շարունակությունը եղել է Էկոնոմիկայի նախարարությունում։

Դոլարի և եվրոյի փոխարժեքը ՀՀ շուկայում կտրուկ բարձրացել էր Ուկրաինայում պատերազմի առաջին օրերին՝ մեկ դոլարի փոխարժեքը 525-535 դրամ էր։ Մարտի 15-ին դոլարը վաճառվում էր առավելագույնը 515 դրամով։ Նոյեմբերի 2-ի դրությամբ մեկ դոլարի միջին փոխարժեքը 394-404 դրամ է։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---