Քննարկում ԱԺ-ում․ ՀՀ-ում ծնված ազգային փոքրամասնությունները ևս ուզում են պարզեցված կարգով քաղաքացիություն ստանալ

Քննարկում ԱԺ-ում․ ՀՀ-ում ծնված ազգային փոքրամասնությունները ևս ուզում են պարզեցված կարգով  քաղաքացիություն ստանալ

PanARMENIAN.Net - ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանը նոյեմբերի 9-ին ՀՀ-ում ազգային փոքրամասնություններին քաղաքացիություն շնորհելու իրավական հնարավորություններ ստեղծելուն նվիրված աշխատանքային քննարկման ժամանակ ասել է, որ մեր երկրում ծնված, սակայն մինչև 1995 թ. Հայաստանից դուրս բնակություն հաստատած ազգային փոքրամասնությունները պարզեցված կարգով քաղաքացիություն չեն կարողանում ստանալ:

Պատգամավորը, ներկայացնելով քննարկումը նախաձեռնելու շարժառիթը, նշել է, որ ինքը և պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը եզդի և ռուս համայնքներից ստացել են նամակներ վերոնշյալ հարցի առնչությամբ: Ազգային փոքրամասնության ներկայացուցիչները, բարձրաձայնելով խնդիրը, ցանկություն են հայտնել, որ հայերի համար սահմանված ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը կիրառվի նաև իրենց համար, գրում է «Առավոտը»։

Քննարկմանը մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ Ալեքսեյ Սանդիկովը, Արմեն Խաչատրյանը, ներկայացուցիչներ Կառավարությունից, ԱԱԾ-ից, Ոստիկանությունից, ՄԻՊ-ից, Միգրացիոն ծառայությունից, ազգային փոքրամասնությունից:

Ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետի տեղակալ Մարիամ Գևորգյանի խոսքով ՀՀ քաղաքացիություն ստանալու պարզեցված կարգը սահմանված է միայն ազգությամբ հայերի համար: ԱԱԾ ներկայացուցիչներն անդրադարձել են հարցին ազգային անվտանգության տեսանկյունից:

Վարչապետի աշխատակազմի ներման, քաղաքացիության, պարգևների և կոչումների շնորհման բաժնի պետ Կարեն Գրիգորյանը բարձրացված հարցի լուծման վերաբերյալ ներկայացրել է մի շարք առաջարկներ: Ըստ այդմ՝ փոփոխություններ է առաջարկվում կատարել «Քաղաքացիության մասին» օրենքում և թույլատրել ազգությամբ ոչ հայ անձանց պարզեցված կարգով ձեռք բերել ՀՀ քաղաքացիություն: Կարգավորումը կվերաբերի ինչպես ՀՀ-ում, այնպես էլ դրա սահմաններից դուրս ծնվածներին, եթե վերջիններս ունեն կացության կարգավիճակ կամ նախկինում ունեցել են ՀՀ քաղաքացիություն, կամ էլ ծնվել են Հայաստանում:

Քննարկմանը կարևորվել է նաև ազգային փոքրամասնություններին վերաբերող օրենքի մշակման ու ընդունման անհրաժեշտությունը: Կարծիք է հնչել, որ հարցը կարելի է կարգավորել հենց այդ օրենքով ևս:

Ամփոփելով քննարկումը՝ ԱԺ պատգամավոր Ռուստամ Բաքոյանն առաջարկները մանրամասն ուսումնասիրելու և հարցին լուծման տարբերակներով վերստին անդրադառնալու պատրաստակամություն է հայտնել:

Ուկրաինայում պատերազմի սկսվելուց հետո կտրուկ ավելացել է ՀՀ քաղաքացիություն ստանալ ցանկացողների թիվը։ Ազգությամբ հայերն այն ստանում են պարզեցված կարգով։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---