Հենաշարժողական խնդիրներով վիրավոր զինվորների համար Կոտայքում բնակելի ավան կստեղծվի

Հենաշարժողական խնդիրներով վիրավոր զինվորների համար Կոտայքում բնակելի ավան կստեղծվի

PanARMENIAN.Net - Կառավարության որոշմամբ Կոտայքի մարզում հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար բնակելի ավան կստեղծվի:

Նախատեսվում է կառուցել 8 մեկ հարկանի առանձնատուն և 1 երկհարկանի կացարան։ Համալիրը կլինի ամբողջությամբ կանաչապատ, կներառի այգի, հանգստի գոտի, մանկական խաղահրապարակ, սպորտային դահլիճ՝ նախատեսված հաշմանդամություն ունեցող անձանց մարզումների համար։

Այդ նպատակով գլխավոր դատախազությանն ամրացված և պետական սեփականություն հանդիսացող Բալահովիտ գյուղի 7-րդ փողոց 1/2 հասցեում գտնվող հողամասը կնվիրաբերվի «Զինվորի տուն» բարեգործական ԿՀ-ին՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող վիրավոր զինվորների համար հարմարեցված տների կառուցման ծրագրի իրականացման նպատակով։

Ծրագրի հիմնական նպատակն է ստեղծել հարմարավետ պայմաններ ու միջավայր շահառու հանդիսացող զինվորների համար, ինչպես նաև բարձրացնել վիրավոր զինվորների կյանքի որակը, հնարավորություն տալ վարել ակտիվ կենսակերպ՝ նպաստելով վիրավոր զինվորների սոցիալական վերաինտեգրմանը։

Ծրագիրն ամբողջությամբ՝ ներառյալ բարեկարգման աշխատանքները կիրականացվի 4 տարում։ Յուրաքանչյուր տան համար նախատեսված է նախնական հաշվարկով մոտ 40 միլիոն դրամ բյուջե։

Կացարանի կառուցման և կահավորման համար պլանավորվում է ծախսել մոտ 75 միլիոն դրամ։ Զրուցարանի կառուցման և տարածքի ընդհանուր բարեկարգման աշխատանքների համար անհրաժեշտ է մոտ 35 միլիոն դրամ, մարզադահլիճի համար նախատեսվում է ծախսել 20 միլիոն դրամ։ Ընդհանուր ներդրումների չափը կազմում է մոտ 450 միլիոն դրամ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---