Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետտուրքի գծով բեռը կարող է բարձրացվել

Ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետտուրքի գծով բեռը կարող է բարձրացվել

PanARMENIAN.Net - Առաջարկվում է բարձրացնել ինտերնետ շահումով խաղերի և վիճակախաղերի պետական տուրքի գծով բեռը։ Գործադիրը հավանություն է տվել «Պետական տուրքի մասին», «Վիճակախաղերի մասին», «Շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի և խաղատների մասին» օրենքներում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագծերին։

Առաջարկվում է սահմանել, որ ինտերնետ շահումով խաղերի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 100 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը կազմի 175 մլն դրամ, տոտալիզատորի կազմակերպչի կողմից յուրաքանչյուր 50 միլիարդ դրամի չափով խաղադրույք ընդունելու իրավունք ձեռք բերելու համար պետական տուրքը՝ 50 մլն դրամ և այլն:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ Պետական եկամուտների կոմիտեն և Ֆինանսների նախարարությունը համատեղ մշակում են խաղատների, շահումների հաշվառման և հարկման նոր համակարգ։

«100 միլիոն դոլար ներդրման պարագայում հնարավորություն կա ցանկացած տեղ բացել կազինոներ: Ֆինասների նախարարությունում քննարկման արդյունքում մենք հետևյալ անհրաժեշտությանը հանգեցինք, որ մեզ պետք է կարգավորում, թերևս կառավարության որոշում, որպեսի մենք ստեղծենք մեթոդաբանություն, թե ինչպես ենք հաշվառելու և հաշվարկելու, թե արդյոք 100 միլիոն դոլար ներդրում է արված: Օրինակ, ասենք նույն Երևանում կարող են լինել և այդպիսի ազդակներ արդեն մենք ունենք, որ Երևանում 100 միլիոն և ավելի դոլար ներդրմամբ հյուրանոցներ են կառուցվում, որոնք նպատակադրում ունեն հետագայում կազինո բացելու, որը, բնականաբար, կլինի այսպես ասած, այլ կարգի կազինո, որը սոցիալապես անապահով խավի խաղադրույքների վրա աչք չի դնի, այլ բոլորովին այլ տրամաբանությամբ կաշխատի: Բայց խնդիր կա, թե մենք ինչ մեթոդաբանությամբ ենք հաշվառելու, թե արդյոք 100 միլիոն դոլար ներդրում արված է»,-ասել է նա։

Վարչապետը հավելել է, որ հանձնարարականը տրված է, և, հավանաբար, մի քանի ամսվա ընթացքում հնարավոր կլինի այդ նախագիծը դնել շրջանառության մեջ։

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---