Ատոմային ոլորտում հայ-ռուսական գործակցության ընդլայնման հեռանկարները նշվել են

Ատոմային ոլորտում հայ-ռուսական գործակցության ընդլայնման հեռանկարները նշվել են

PanARMENIAN.Net - Նոյեմբերի 20-22-ը «ՀԱԷԿ» ՓԲԸ ղեկավարությունը տնօրեն Էդուարդ Մարտիրոսյանի գլխավորությամբ մասնակցել է Սոչիում կայացած «Ատոմէքսպո 2022» միջազգային 12-րդ ֆորումին: Դրա շրջանակում «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Լիխաչյովի հետ հանդիպման ընթացքում հատկապես կարևորվել է ատոմային ոլորտում հայ-ռուսական երկարամյա գործակցության արդյունավետությունը, նախանշվել են ընդլայնման հեռանկարները:

Հայկական պատվիրակությունը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, ֆորումի լիագումար նստաշրջանին, այցելել ցուցահանդեսային տաղավարներ, որտեղ ցուցադրվել են նոր տեխնոլոգիաներ ու սարքավորումներ, արծարծվել են ոլորտային մի շարք հարցերի նոր առաջարկներ ու լուծումներ: Առավել հետաքրքիր ցուցանմուշների վերաբերյալ ձեռք են բերվել տեխնիկական, տեխնոլոգիական և կոնտակտային տվյալներ՝ հետագա քննարկման և գնահատման համար:

«Ռուսատոմ Սերվիս» ԲԸ ղեկավարության հետ քննարկվել են ՀԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարացման վերաբերյալ հարցեր. թեմայի շուրջ կողմերի դիրքորոշումների քննարկումն ու համաձայնեցումն, ըստ պայմանավորվածության, կշարունակվի հետագա հանդիպումների ընթացքում:

Բավականին հագեցած ծրագրի շրջանակներում ՀԱԷԿ-ի ղեկավարները հանդիպել են նաև «Ռոսատոմ» պետկորպորացիայի գլխավոր տնօրենի տեղակալ Ն. Սպասկիի հետ և քննարկել ՀՀ-ում միջուկային նոր էներգաբլոկների հնարավոր կառուցման վերաբերյալ հարցեր:

«ՀԱԷԿ» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մարտիրոսյանը, որպես Շահագործող կազմակերպությունների համաշխարհային ասոցիացիայի (ՇԿՀԱ) Մոսկովյան կենտրոնի կառավարիչների խորհրդի նախագահ, մասնակցել է ասոցիացիայի պլանային աշխատանքներին, իսկ «Ռոսէներգոատոմ Կոնցեռն» ԲԸ գլխավոր տնօրեն Ա. Պետրովի հետ կայացած աշխատանքային հանդիպմանը հանդես է եկել «ՇԿՀԱ-ի Կառավարիչների խորհրդի նախագահի դերի տեսլականը ընթացիկ փոփոխությունների և մարտահրավերների համատեքստում» զեկույցով:

Կազմակերպվել են նաև հանդիպումներ «ՏՎԷԼ» ԲԸ ղեկավարության հետ, համաձայնեցվել են մի շարք գործնական քայլեր, ձեռք են բերվել որոշակի պայմանավորվածություններ:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---