Նախագիծ․ ՊՊԾ-ն առանձին մարմին կդառնա, ԱԺ նախագահի ընտանիքին պետական պահպանություն կտրամադրվի

Նախագիծ․ ՊՊԾ-ն առանձին մարմին կդառնա, ԱԺ նախագահի ընտանիքին պետական պահպանություն կտրամադրվի

PanARMENIAN.Net - «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենսդրական փաթեթում փոփոխությունների նախագծով առաջարկվում է Պետական պահպանության ծառայությունն Ազգային անվտանգության ծառայության մարմիններից առանձնացնել և դարձնել առանձին մարմին՝ վարչապետին ենթակա: Այդ մասին ասել է անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը՝ ներկայացնելով նախագիծը ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում։

Նախագծով նախատեսվում է խմբագրել Հանրապետության պաշտոնաթող նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական ցմահ պետական պահպանության տրամադրման վերաբերյալ գործող դրույթները: Պաշտոնաթող նախագահների դեպքում սահմանվում է 7 տարվա, իսկ պաշտոնաթող վարչապետների դեպքում 10 տարվա ժամկետ, որից հետո վերջիններիս համար պետական պահպանություն տրամադրելու հնարավորությունը նախատեսվում է վարչապետի որոշմամբ:

Գրիգորյանն ընդգծել է, որ այս դրույթները վերաբերելու են միայն գործող և ապագա վարչապետներին ու նախագահներին:

Առաջարկվում է նաև ԱԺ նախագահին պաշտոնավարման ընթացքում պետական պահպանություն տրամադրել նաև նրա հետ համատեղ բնակվող, ինչպես նաև նրան ուղեկցող ընտանիքի անդամներին: ԱԺ նախագահին նաև անձնական բժիշկ կտրամադրվի, ինչպես դա սահմանված է նախագահի և վարչապետի պարագայում։

Նախագծով սահմանվում է, որ պետական բյուջեի միջոցների հաշվին, հիշատակված պաշտոնատար անձանց և նրանց ընտանիքների անդամների համար ապահովվում է գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնություն ու սպասարկում:

Քննարկված օրենսդրական փաթեթը ստացել է դրական եզրակացություն:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---