Համայնքը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու իրավունք կստանա

Համայնքը շենքերի տանիքներին կառուցված ինքնակամ շինությունները քանդելու իրավունք կստանա

PanARMENIAN.Net - Կառավարությունը լրացում է կատարել նախկինում ընդունած որոշումներից մեկում, որով նախատեսվում է բազմաբնակարան շենքերում ինքնակամ շինարարության կանխարգելումը և դրանց հետևանքների վերացման (քանդման) ապահովումը, ընդհանուր օգտագործման տարածքների ապօրինի զավթման կանխարգելումը, դրանց հետևանքների վերացման ապահովումը:

Երևանի քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանը նշել է, որ մինչ օրս կան օրինակներ, երբ քաղաքացիներն ինքնակամ շինություններ են կառուցում բազմաբնակարան շենքերի տանիքներին, մանսարդային հատվածներում

«Այսինքն՝ մենք կարող ենք տեսնել շենքեր, որոնց տանիքին ևս փոքր շենք կամ տուն է կառուցված։ Եվ այդտեղ քաղաքապետարանի, համայնքի ղեկավարների լիազորություններն ու անելիքը բավական սահմանափակ են եղել։ Այդ կառույցները հաճախ իրականացվում են առանց քաղաքաշինական և սեյսմիկ անվտանգության նորմերի պահպանման և իրականում անմիջական վտանգ են պարունակում հենց այդ կառույցն իրականացնողի և առհասարակ շենքի բոլոր բնակիչների համար»,-ասել է նա:

Ավինյանը նաև նշել է, որ նախաձեռնությամբ են հանդես եկել և առաջարկում են նոր կարգավորումներ, որոնց արդյունքում շենքի կառավարման մարմինը և համայնքը հնարավորություն կստանա իրականացնել ինքնակամ շինությունների քանդման աշխատանքներ։

«Կարծում եմ՝ սա բավականին տրամաբանական է, մանավանդ, որ քաղաքապետարանն ինքն է գնահատում ու որոշում շենքերի հարկայնությունը, խտությունը»,-ասել է նա:

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը ներկայացրել է ոլորտում ստեղծված իրավիճակը։

«Ինքնակամ շինության քանդման որոշումները հստակ են, բայց, կան դեպքեր, մասնավորապես՝ բազմաբնակարան շենքերում, որտեղ սեփականատերը բնակիչն է, ոչ թե համայնքը, նկուղային հատվածներում, մանսարդային, տաիքների և այլ հատվածներում իրականացվել կամ իրականացվում են ապօրինի շինարարություններ: Մենք այս որոշմամբ փորձում ենք այդ հարցին կարգավորումներ տալ»,-ասել է նա:

Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը տեղեկացրել է, որ ՀՀ-ում հաշվառված է մոտ 24, 000 ինքնակամ կառույց, իսկ օրական մոտ 200 ինքնակամ կառույց է համակարգում հաշվառվում՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Երևան քաղաքի ինքնակամ կառույցները հաշվառելու վերջնաժամկետը մինչև դեկտեմբերի 31-ն է:

«Այդ ժամկետից հետո այլևս չկա հնարավորություն որևէ ինքնակամ կառույց Երևանում հաշվառելու և օրինականացնելու:

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---