Իսրայելը պատրաստվո՞ւմ է հարձակվել Իրանի վրա

PanARMENIAN.Net - Իսրայելը պատրաստվում է ռազմական հարված հասցնել Իրանի միջուկային օբյեկտներին, չնայած ԱՄՆ-ի առարկություններին: Ինչպես ապրիլի 18-ին հաղորդել է Լոնդոնի The Times թերթը, Իսրայելը բազմաթիվ նախապատրաստական միջոցառումներ է անցկացնում, որպեսզի պատրաստ լինի հարվածել Իրանին մի քանի օրվա, կամ նույնիսկ ժամվա ընթացքում երկրի քաղաքական ղեկավարության հրամանը ստանալուց անմիջապես հետո: Այս միջոցառումների շրջանակում բանակը քաղաքացիական պաշտպանության երկու խոշոր զորավարժություն կանցկացնի: Պաշտոնապես այս զորավարժություններն ոչ մի կապ չունեն Իրանին հնարավոր հարված հասցնելու հետ, սակայն բրիտանական պարբերականը հաղորդում է, որ նրանց հիմնական նպատակն է նախապատրաստել քաղաքացիներին Թեհրանի եւ նրա դաշնակիցների հատուցման հնարավոր հարվածներին:



Պաշտպանության նախարարության անանուն ներկայացուցիչը հաղորդել է թերթին, որ Իրանին հարվածելու դեպքում կպահանջվի առնվազն 12 նպատակակետերի միաժամանակյա ոչնչացում, որոնք գտնվում են Իրանի տարբեր մասերում: Հնարավոր հարձակման շրջաններ են համարվում Նաթանեզը, որտեղ ուրան է հարստացվում, Իսֆահանը, որտեղ թունելներում 250 տոննա գազ է պահեստավորված, եւ Արակը, որտեղ պլուտոնիում է արտադրվում: Ըստ մասնագետների գնահատականների, նպատակակետերը գտնվում են շուրջ 870 կմ հեռավորության վրա եւ այդ տարածքի հաղթահարումը մշակվում է Իսրայելի ՌՕՈՒ-ի կողմից: Որոշ գնահատականներով, Սուդանում զենքի պահակակետերի վրա հարձակումները յուրօրինակ փորձ էին Իրանի վրա հարձակումից առաջ:



Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Իսրայելի նման մտադրությանը: Ավելի վաղ ԱՄՆ պաշտպանության նախարար Ռոբերտ Գեյթսը հայտարարել էր, թե «նման հարվածը, Իրանի միջուկային ծրագրի զարգացումը կարգելակի առնվազն 2-4 տարով, իսկ հասցված վնասը կարող է գերազանցել ակնկալիք օգուտը»:



Հավելենք, որ ԱՄՆ նախագահ Օբաման եւս ակտիվորեն վերանայում է ԱՄՆ քաղաքականությունն Իրանի հարցում, եւ մասնավորապես, պատրաստ է քննարկել այդ երկրի հանդեպ իր պահանջներից հրաժավելու հնարավորությունը: Իսրայելում գտնում են, որ չեն հաշտվելու այն իրավիճակի հետ, որ Իրանը միջուկային զենք է ունենալու:



Ակնկալվում է, որ այդ հարցը (Պաղեստինի հետ մեկտեղ) հիմնականը կլինի Իսրայելի վարչապետ Նեթանյահուի եւ ԱՄՆ նախագահ Օբամայի միջեւ բանակցություններում: Հիշեցնենք, որ Օբաման մտադիր է հունիսին այցելել Իսրայել, Իրանում կայանալիք հանընդհանուր ընտրությունների ժամանակ, հաղորդում է «Կուրսորը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---