Վարդազարյանի և Ջհանգիրյանի ձայնագրության մասով գործը վերաբացվել է

Վարդազարյանի և  Ջհանգիրյանի ձայնագրության մասով գործը վերաբացվել է

PanARMENIAN.Net - ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի և ԲԴԽ նախագահի նախկին պաշտոնակատար, ՀՀ նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի խոսակցության ձայնագրության վերաբերյալ քրեական վարույթը վերաբացվել է: ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արթուր Պողոսյանը վերացրել է գործի վարույթը կարճելու մասին ՔԿ քննիչի որոշումը: Այդ մասին հայտնել է Ռուբեն Վարդազարյանի ներկայացուցիչ, փաստաբան Հովհաննես Խուդոյանը, տեղեկացնում է «Փաստինֆոն»։

Վերացրել է նաև Գագիկ Ջհանգիրյանի, ԲԴԽ անդամներ Սերգեյ Չիչոյանի և Վիգեն Քոչարյանի նկատմամբ քրեական հետապնդում չհարուցելու և գործի վարույթը կարճելու մասին քննիչի որոշումները, և վարույթը Քննչական կոմիտեից, ըստ քննչական ենթակայության, ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե:

Ռուբեն Վարդազարյանը դատախազություն բողոք էր ներկայացրել՝ պահանջելով վերացնել վարույթը կարճելու մասին որոշումը և քննություն իրականացնել: Բողոքաբեր կողմի համոզմամբ` քննությունը թերի է եղել, մի շարք գործողություններ, որոնք պետք է իրականացվեին քննության ընթացքում, չեն կատարվել, սակայն, ինչպես պարզվեց, մինչ բողոքը կստացվեր, դատախազությունը վերացրել էր վարույթը կարճելու որոշումը՝ սեփական նախաձեռնությամբ և վարույթը, ըստ քննչական ենթակայության, ուղարկել Հակակոռուպցիոն կոմիտե: Բացի քննչական ենթակայությունից՝ դատախազությունն արձանագրել է նաև այն հանգամանքը, որ նախաքննության ավարտից հետո ժամկետները չեն պահպանվել, քանի որ ավարտ հայտարարելու մասին տեղեկացնելուց հետո քննիչը ժամանակ չի տրամադրել՝ բողոքարկման համար:

2022թ. հունիսի 20-ին Ռուբեն Վարդազարյանը հրավիրած ասուլիսում աղմկահարույց ձայնագրություն էր հրապարակել, որով հիմնավորվում էր, որ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանը փորձել է պարտադրել Վարդազարյանին՝ հրաժարական տալ։ Աղմկոտ զրույց-պահանջը տեղի է ունեցել ընթրիքի սեղանի շուրջ, որին ներկա են եղել ոչ միայն Վարդազարյանն ու Ջհանգիրյանը, այլ նաև ԲԴԽ անդամ Ստեփան Միքայելյանը։ Հրապարակված ձայնագրությունից հետևում էր, որ Վարդազարյանին վարչապետի անունից առաջարկվել է հրաժարական տալ, իսկ Ջհանգիրյանն էլ ստանձնել է միջնորդի դեր՝ երաշխավորելով, որ նրա նկատմամբ հետապնդումներ չեն իրականացվի, եթե հրաժարական ներկայացնի։

Ջհանգիրյանը հանրայինի եթերում անձամբ խոստովանել է, որ բանակցություններ իսկապես վարել է Վարդազարյանի հետ՝ հրաժարական տալու համար։ Ավելին, հայտարարել է, ԲԴԽ նախագահին հրաժարական պարտադրելն այնքան էլ հեշտ գործ չէ ու ինքը նրա նկատմամբ հոգեբանական հնարքներ է կիրառել, «կուտ» տվել։ Աղմկահարույց ձայնագրությունից և առավել անհասկանալի հարցազրույցից օրեր անց հայտարարվեց, թե Գագիկ Ջհանգիրյանն ունի առողջական խնդիրներ և ենթարկվել է վիրահատության։ Հուլիսի 1-ին արդեն պաշտոնապես հաստատվեց՝ Ջհանգիրյանը հրաժարականի դիմում է ներկայացրել։ ՀՀ քննչական կոմիտեում նշված ձայնագրության կապակցությամբ նախապատրաստված նյութերով նախաձեռնվել էր քրեական վարույթ, որը դեկտեմբերին կարճվել է՝ հանցանքի բացակայության հիմքով։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---