Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը ներկայացվել են Իրանի կառուցապատողներին

Երևանում նախատեսվող խոշոր ծրագրերը ներկայացվել են Իրանի կառուցապատողներին

PanARMENIAN.Net - Երևանի և Թեհրանի միջև ստորագրված աշխատանքային ծրագրով երկու մայրաքաղաքները գործակցություն կծավալեն քաղաքային տնտեսության տարբեր ոլորտներում: ԻԻՀ մայրաքաղաք այցելած երևանյան պատվիրակության անդամները հանդիպում են ունեցել նաև Թեհրանի Ֆինանսական և տնտեսական գծով քաղաքապետի տեղակալ Աբուլֆազլ Ֆալայի հետ, որին մասնակցել են նաև իրանական մի շարք խոշոր ընկերությունների ներկայացուցիչներ, որոնք գործունեություն են ծավալում կառուցապատման ոլորտում:

Քաղաքային տնտեսության կառավարման գործում ներկայացնելով իր մոտեցումները՝ Երևանի քաղաքապետն անդրադարձել է մի շարք խոշոր նախագծերի, որոնք նախատեսվում են Երևանում: Մասնավորապես՝ Հրաչյա Սարգսյանը խոսել է մետրոպոլիտենի նոր կայարանի, Արշակունյաց-Իսակով նոր ճանապարհահատվածի շինարարության, ինչպես նաև կոյուղաջրերի մաքրման կայանի, աղբավայրի փակման և նոր աղբավայր կառուցելու նախագծերի մասին:

Կարևորելով Երևանի և Թեհրանի միջև գործակցության հաստատումը՝ հանդիպման մասնակիցները համատեղ ծրագրեր իրագործելու պատրաստակամություն են հայտնել:

Քաղաքային ծառայությունների և շրջակա միջավայրի գծով քաղաքապետի տեղակալ Հոսեյին Նազարիի հետ հանդիպման ընթացքում էլ քննարկվել են կանաչապատման ոլորտին առնչվող խնդիրներ: Քաղաքային այգիների ձևավորում, անտառտնկարկների հիմնում ու ճիշտ բուսատեսակների և ծառատեսակների ընտրություն. քույր քաղաք Թեհրանը պատրաստ է Երևանին փոխանցել կուտակած փորձն ու հաջողած ծրագրերը:

Եթե մինչև իսլամական հեղափոխությունը Թեհրանի կանաչ մակերեսը եղել է 4 200 հա և ԻԻՀ մայրաքաղաքն ունեցել է 75 այգի, ապա այժմ այդ ցուցանիշը հասնում է 61 000 հա-ի, հանգստի գոտիների թիվն էլ 2 352 է:

Այցի շրջանակում Երևանն ու Թեհրանը հռչակվել են քույր քաղաքներ։ Հրաչյա Սարգսյանն ու Ալիռեզա Զաքանին երկու մայրաքաղաքների միջև ստորագրել են նաև աշխատանքային ծրագիրը, որով կողմերը պարտավորվել են գործակցություն ծավալել տրանսպորտի, քաղաքաշինության, մշակույթի, բնապահպանության ու քաղաքային տնտեսության մի շարք այլ ոլորտներում:

 Ուշագրավ
Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ
Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
---