Միջազգային ֆինանսական կորպորացիայի պատվիրակությունը խորհուրդներ է տվել Հայաստանի գործարար շրջանակներին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի խմբի անդամ Միջազգային ֆինանսական կորպորացիայի (IFC) պատվիրակությանը` ՀԲ խմբի անդամ FIAS-ի Գործարարության աջակցության բարեփոխումների բաժնի գլխավոր տնտեսագետ Ստեֆկա Սլավովայի գլխավորությամբ:



Ս. Սլավովան տեղեկացրել է, որ պատվիրակությունը Հայաստան է ժամանել` ՀՀ կառավարության առաջարկով «Հայաստանում գործարարությամբ զբաղվելու բարեփոխումներ» ծրագրի իրականացման ընթացքին ծանոթանալու եւ հետագա անելիքները ծրագրելու նպատակով: Նա նշել է, որ այցի շրջանակներում պատվիրակությունն արդեն իսկ մի շարք արդյունավետ հանդիպումներ է ունեցել ՀՀ էկոնոմիկայի, ֆինանսների, քաղաքաշինության եւ այլ նախարարություններում ու գերատեսչություններում, քննարկել հարկային եւ մաքսային վարչարարության, գործարարություն սկսելու, շինարարական թույլտվությունների եւ այլ ոլորտներում իրականացվող բարեփոխումները,որոնք հիմնականում դրական է գնահատել: Միաժամանակ, նա անդրադարձել է դեռեւս չլուծված կամ լուծման ընթացքում գտնվող հարցերին, ներկայացրել պատվիրակության դիտողություններն ու առաջարկությունները: Ստեֆկա Սլավովան ընդգծել է, մասնավորապես, ծրագրի իրականացման կառուցվածքային շրջանակների ամրապնդման, կայուն թիմի ստեղծման անհրաժեշտությունը, ինչը, ըստ նրա, կնպաստի նաեւ բարեփոխումներն ավելի հրապարակային դարձնելուն:



Վարչապետ Տիգրան Սարգսյանը շնորհակալություն է հայտնել պատվիրակությանը` նշված ոլորտներում մեր երկրում իրականացվող բարեփոխումներին աջակցություն ցույց տալու տեւական եւ արդյունավետ ջանքերի համար: Նա նշել է, որ աշխատանքները կշարունակվեն` արված առաջարկությունները հաշվի առնելով:



Ստեֆկա Սլավովան եւս ընդգծել է, որ պատվիրակությունը պատրաստ է նույն արդյունավետությամբ աշխատել, որն, ըստ նրա, անպայման կտա իր արդյունքը եւ օրենսդրական ու այլ բարեփոխումների ժամանակին իրականացման դեպքում, մինչեւ մայիսի վերջերին նախատեսվող կորպորացիայի նոր պատվիրակության ժամանումը, ծրագրի ցուցանիշները որոշակիորեն կբարելավվեն:
 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---