Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահին Խոյում երկրաշարժի կապակցությամբ

Կաթողիկոսը ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահին Խոյում երկրաշարժի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն ցավակցական նամակ է հղել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիին՝ ԻԻՀ Խոյ քաղաքում աղետալի երկրաշարժի կապակցությամբ:

«Խոր ցավով տեղեկացանք Իրանի Խոյ քաղաքում տեղի ունեցած աղետալի երկրաշարժի մասին, որի հետևանքով կան ավերվածություններ, մարդկային զոհեր և վիրավորներ: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մեր ցավակցությունն ու աղոթական զորակցությունն ենք բերում Ձեզ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և Իրանի համայն ժողովրդին»,- ասվում է Վեհափառի ցավակցագրում:

Նորին Սրբությունը Երկնավորի մխիթարությունն է հայցել բոլոր սգակիրներին և առողջություն մաղթել երկրաշարժից տուժած վիրավորներին:

Հունվարի 28-ին 5.9 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Իրանի Խոյ քաղաքից 34 կմ հարավ-արևելք, օջախի 10 կմ խորությամբ։Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ: Ցնցումները զգացվել են նաև ՀՀ տարածքում։ Երկրաշարժից զոհվել է 3 մարդ, տուժել՝ 1167-ը։ Վնասներ են գրանցվել 2 քաղաքում և ավելի քան 70 գյուղում, քանդվել է շինությունների 20-50%-ը։

Հունվարի 29-ին, տեղական ժամանակով ժամը 18:41-ին 5.0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Խոյ քաղաքից 22 կմ հարավ, օջախի 10 կմ խորությամբ։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 6-7 բալ: Երկրաշարժը զգացվել է Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց ձորի մարզում՝ 3 բալ, Արարատի մարզում՝ 2-3 բալ ուժգնությամբ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---