Արտադրական կանեփի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է 2 ամսով

Արտադրական կանեփի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է 2 ամսով

PanARMENIAN.Net - Արտադրական կանեփի վերաբերյալ օրենսդրական նախաձեռնության քննարկումը հետաձգվել է 2 ամսով՝ առաջարկվում են ինչպես խմբագրական, այնպես էլ որոշակի հստակեցումներ: ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում առաջին ընթերցմամբ քննարկման էր ներկայացվել «Թմրամիջոցների և հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:

Առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը նշել է, որ երկու տարի առաջ ընդունված օրենքի կիրարկման արդյունքում ի հայտ են եկել բացթողումներ և խնդիրներ, որոնք հստակեցման կարիք ունեն։

Նախաձեռնության նպատակն արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման և մեծածախ առևտրի լիցենզավորման համար դիմած անձանց համար առավել բարենպաստ պայմանների ստեղծումն ու ավելորդ փաստաթղթեր պահանջելուց խուսափելն է: Գործող օրենքով արտադրական կանեփի արտադրության, ներմուծման, արտահանման, մեծածախ առևտրի գործունեության իրականացման համար ներկայացվող փաստաթղթերի ցանկում առկա է բիզնես ծրագիր ներկայացնելու պահանջ, որի վերաբերյալ որևէ օբյեկտիվ գնահատական տալ հնարավոր չէ:

Նշվել է նաև, որ հայտերի և կից փաստաթղթերի վերաբերյալ անհրաժեշտ են մասնագիտական կարծիքներ, ուստի առաջարկվում է օրենքով ամրագրել պետական մարմիններից հայտերի և կից փաստաթղթերի վերաբերյալ մասնագիտական դիրքորոշումներ ստանալու հնարավորությունը, նշված է նախագծում:

Նախաձեռնությամբ առաջարկվում է հանել քվոտաների խախտման դեպքում լիցենզիայի դադարեցման հիմքը: Լիցենզավորված անձին հնարավորություն է տրվում վերանայել քվոտաները:

Պատգամավորներից շատերի համար անհասկանալի էր նաև այն, թե ինչու է նախաձեռնությունը ներկայացնում Առողջապահության նախարարությունը, քանի որ այն վերաբերում է տնտեսական ոլորտին: Փոխնախարար Լենա Նանուշյանը պարզաբանել է, որ նախաձեռնությունը միասնական է, սակայն ներկայացնում է Առողջապահության նախարարությունը:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը հայտնել է, որ առաջիկա օրերին համապատասխան մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ կկազմակերպվի քննարկում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---