ՔՊ-ական․ 15 զինվորի մահից հետո սգո օր չի հայտարարվել, քանի որ ՀՀ-ն հիբրիդային պատերազմի մեջ է

ՔՊ-ական․ 15 զինվորի մահից հետո սգո օր չի հայտարարվել, քանի որ ՀՀ-ն հիբրիդային պատերազմի մեջ է

PanARMENIAN.Net - «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով Ազատ գյուղի զինվորական կացարանում հրդեհից 15 զինծառայողի մահվանը, ասել է, որ դեպքից հետո սգո օր չի հայտարարվել, քանի որ Հայաստանը գտնվում է հիբրիդային պատերազմի մեջ:

«Պատերազմական իրավիճակն ամեն պահի Հայաստանում ու տարածաշրջանում կարող է լինել: Մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով՝ կառավարությունը սգո օր չի հայտարարել», - ասել է Խաչատրյանը, գրում է Aysor.am-ը։

Պատգամավորը հայտարարել է, որ բանակում սկսվել են շրջադարձային փոփոխություններ։

Դիտարկմանը, որ Ազատ գյուղում տեղի ունեցած ողբերգությունը ցույց տվեց, թե ինչ լուրջ խնդիրներ կան բանակում, ՔՊ-ական պատգամավորն արձագանքել է, որ կացարանում ապահովված էին տարրական պայմաններ:

«Բայց ինչպիսի տարրական պայմաններ էլ որ ապահոված լինեին, եթե 5 լիտրանոց բենզինը լցվում է կրակի վրա, որևէ անվտանգային պայման չէր կարող այնքան ապահովված լիներ, որ վնասներ չառաջանային։ Այլ հարց, որ հետևանքների առաջացրած ծանրության մեջ կարող են փոփոխություններ լինել, հարուցված է քրեական գործ, բոլոր հանգամանքները պարզվելուց հետո կհասկանանք՝ ինչ է պետք անել», - ընդգծել է Խաչատրյանը:

Նա ասել է, թե տնակային վիճակները պետք է ավարտին հասցվեն, բավական լավ տնակներ են պատրաստվում ու անվտանգային հարցերի հետ կապված խնդիրներն են լուծվում:

Հունվարի 19-ին՝ ժամը 01:30-ի սահմաններում հրդեհ էր բռնկվել Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՀՀ ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում: Բռնկված հրդեհից 15 ժամկետային զինծառայող է զոհվել, 3 անձ հոսպիտալացվել է, որոնցից մեկը սպա է։ Դեպքին հաջորդել են պաշտոնանկություններ՝ այդ թվում պաշտոնից ազատվել է ԶՈւ հրդեհային անվտանգության վարչության ծառայության պետ Սարգիս Մազմանյանը, ինչպես նաև 2-րդ բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Վահրամ Ֆրունզի Գրիգորյանը։

Հրդեհի քրգործով մայոր է ձերբակալվել, ինչպես նաև հանրային քրեական հետապնդում է հարուցվել կապիտանի նկատմամբ։

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---