Արհեստների կամպուս կստեղծվի. Հայ-ֆրանսիական հուշագիր է ստորագրվել

Արհեստների կամպուս կստեղծվի. Հայ-ֆրանսիական հուշագիր է ստորագրվել

PanARMENIAN.Net - «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի զարգացման նպատակով Երևանում նախատեսվում է ստեղծել Արհեստների կամպուս, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը և մեծահասակների կրթությունը:

ԿԳՄՍ նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով:

Նախատեսվում է, որ այն կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն: Արհեստների կամպուսի ստեղծման ծրագիրն արդեն հաստատվել է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, շնորհավորելով հուշագրի կնքման կապակցությամբ, կարևորել է մարզային կառույցների ակտիվացմանն ուղղված գործընթացը:

Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզն ընդգծել է՝ այս հուշագրի կնքումն հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելու հնարավորություն է ստեղծում:

«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ առաքելություն ենք կատարել Հայաստանի մարզերում. անցել ենք 1600 կմ-ից ավելի ճանապարհ, այցելել ենք 15 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, եղել ենք Հայաստանի 2 մարզպետարանում և 5 քաղաքապետարանում: Այս հուշագրով այնպիսի նպատակներ են սահմանված, որոնք մենք միասին պետք է իրագործենք»,- ասել է Քրիստիան Դրոզը՝ հուշագրի կնքումը կարևորելով նաև Երևանի և Լիոնի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում:

Հիմնադրամի զարգացման ծրագրով նախատեսվում է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը, կանանց դերի բարձրացմանը տնտեսության մեջ, ինչպես նաև ներառել սոցիալական կյանքի բաղադրիչ համայնքի համար:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը նշել է, որ ստեղծվելիք կամպուսի գործունեության կարևոր ուղղությունը Հայաստանի մարզերում լավագույն փորձի տարածումն է լինելու` պետական և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Կողմերն արդեն իսկ համագործակցության հեռանկարներ են նախանշել Ալավերդու ուսումնարանի և Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի հետ՝ տարբեր մասնագիտությունների գծով փոխանակման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններ, մասնավորապես Դեբետի ՔՈԱՖ կենտրոն, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, որտեղ արհեստների զարգացման հեռանկարներ կան: Գոհար Գրիգորյանի խոսքով՝ համագործակցության ավելի լայն շրջանակ են նախատեսվում ԵՄ «Erasmus+» փոխանակման ծրագրի շրջանակում:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, դեսպանության ներկայացուցիչներ:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---