ՀՀ-ն «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Brunette-ը

ՀՀ-ն «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Brunette-ը

PanARMENIAN.Net - Հայաստանն այս տարի «Եվրատեսիլում» կներկայացնի երգչուհի Brunette-ը: Որոշումը կայացվել է Հանրային հեռուստաընկերության անցկացրած ներքին ընտրության արդյունքում:

Brunette-ը հանրությանը հայտնի է մի քանի հիթային երգերով և պատրաստվում է նոր շունչ բերել եվրատեսիլյան մեծ բեմ, ասվում է Հանրայինի ֆեյսբուքյան էջում։

«Ուրախ եմ ձեզ հետ կիսվել այս նորությամբ: Ես պարզապես երաժշտություն եմ ստեղծում, որով այս անգամ կիսվելու եմ եվրոպական լսարանի հետ», - նշել է «Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը:

Brunette-ը երգել սկսել է 4 տարեկանից, իսկ ստեղծագործում է 15 տարեկանից: Իր բոլոր երգերի երաժշտության և բառերի հեղինակը հենց ինքն է: Brunette-ի «Գիշեր», Smoke Break, «Բաց կապույտ աչքերդ» երգերը կարճ ժամանակում հիթ են դարձել և միլիոնավոր դիտումներ գրանցել Youtube-ում։

Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը կարևորել է նման մրցույթներում Հայաստանը ներկայացնելու հնարավորությունը երիտասարդ և տաղանադավոր արտիստներին վստահելը։

«Նախորդ տարի «Եվրատեսիլ» նորահայտ արտիստի ուղարկելու փորձն արդարացվեց. մինչև այժմ մրցութային երգը շարունակում է մեծ հաջողություններ գրանցել ու գերել միլիոնավոր երկրպագուների սրտեր: Հուսով եմ՝ այս տարի ևս կզարմացնենք եվրոպացի հանդիսատեսին ինքնատիպ հայ արտիստով»,-ասել է նա։

«Երևանում «Մանկական Եվրատեսիլի» կազմակերպումից մի քանի շաբաթ անց մենք արդեն սկսեցինք մայիսին կայանալիք մրցույթի մեր պատվիրակին ընտրելու գործընթացը: Այս փուլում արդեն աշխատում ենք երգի և տեսահոլովակի վրա, որը, վստահ եմ, շատ տպավորիչ է լինելու»,- ասել է «Եվրատեսիլի» հայաստանյան պատվիրակության ղեկավար Դավիթ Ծերունյանը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Brunette-ը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---