ՌԴ դեսպանատունը ցավակցել է Սումգայիթում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ

ՌԴ դեսպանատունը ցավակցել է Սումգայիթում հայերի ջարդերի տարելիցի կապակցությամբ

PanARMENIAN.Net - Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սումգայիթում հայերի ջարդերի 35-րդ տարելիցի կապակցությամբ։ Այդ մասին ասվում է դեսպանատան ֆեյսբուքյան էջում։

«Այս օրերին մենք վշտով ենք հիշում Սումգայիթի ողբերգությունը: Հիշատակը անցյալի այս իրադարձությունների մասին խթան է ապագայում դրանց կրկնության հավանականությունը բացառելուն ուղղված ջանքերի համար»,- ասվում է գրառման մեջ։

1988-ի փետրվարի վերջին օրերին Սումգայիթի հայ բնակչությունը զանգվածային դաժան սպանությունների և խոշտանգումների ենթարկվեց: Փետրվարի 26-ին Սումգայիթի կենտրոնական հրապարակում սկսված հակահայկական հանրահավաքներում քաղաքի ղեկավարները բռնության բացահայտ կոչեր էին անում: Փետրվարի 27-ին և 28-ին հանրահավաքները վերածվեցին բռնարարաքների: Մետաղյա ձողերով, կացիններով, մուրճերով զինված ադրբեջանցիները ներխուժում էին հայերի բնակարաններ ու սպանում նրանց: Դրանից հետո զոհերի վրա բենզին էին լցնում և ողջակիզում: Հայերի ջարդերը կազմակերպված էին՝ ջարդարարներն ունեցել էին զոհերի ցուցակներն ու նրանց հասցեները: Սումգայիթյան ջարդերը դարձան սկիզբ Արցախի, Գարդմանքի, Գանձակի և Բաքվի խաղաղ հայ բնակչության դեմ ուղղված բռնությունների նոր ալիքների: 1988-1990թթ. ադրբեջանական իշխանությունների իրականացրած հայերի զանգվածային ջարդերի հետևանքով վտարանդի դարձավ Ադրբեջանի ամբողջ հայկական համայնքը` առնվազն 500,000 հայ: Փետրվարի 29-ին Սումգայիթ մտավ խորհրդային բանակը, սակայն արդեն ուշ էր։

Մինչև 1990-ը միայն Բաքվում բնակվում էր մոտ 300,000 հայ: 1988-1990 թթ. Ադրբեջանում ազգային զտումների հետևանքով երկրից բռնագաղթեց մոտ կես միլիոն հայ, մի մասը համալրեց Սփյուռքը, կեսից ավելին՝ մշտական բնակություն հաստատեց Հայաստանում:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---