22 ապրիլի 2009 - 12:49 AMT
Եթե Հայաստանն ընդունի Անկարայի պայմանները, ապա Թուրքիան «առաջին փուլում կբացի սահմանն ամիսը մեկ անգամ 24 ժամով»
Ապրիլի 28-ին Թուրքիայի ազգային անվտանգության խորհուրդը նիստ կանցկացնի, որի ընթացքում կքննարկվի Հայաստանի հետ սահմանի բացման հարցը: Նախատեսվում է, որ նիստում կքննարկվեն նաեւ քուրդ գրոհայինների հնարավոր համաներման եւ Աֆղանստանում թուրքական զորքերի տեղակայման հարցերը:

Նիստը կվարի երկրի նախագահ Աբդուլա Գյուլը: Ադրբեջանի հետ հարաբերությունների եւ Հայաստանի հետ սահմանի բացման հարցը գլխավորը կլինի նիստում: Մինչ այժմ Թուրքիան սահմանի բացման համար որպես պայման առաջադրում էր Արդբեջանի «զավթված տարածքների» ազատագրումը: Վերջին ամիսներին Անկարան եւ Երեւանը հարաբերությունների կարգավորման շուրջ բանակցությունները վարում են փակ դռների ետեւում:

Գլխավոր շտաբը եւ կառավարությունը գտնում են, Թուրքիան չպետք է Հայաստանի հետ սահմանը բացի առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման: Որպես հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջին քայլ Անկարան Հայաստանին առաջարկել է «թույլ տալ ադրբեջանցի փախստականներին վերադառնալ Ղարաբաղի մերձակա հինգ շրջանները»: Միաժամանակ Անկարան առաջարկել է պահպանել Ղարաբաղում անվտանգության միջանցքը: «Եթե Հայաստանն ընդունի այդ պայմանները, ապա Թուրքիան «առաջին փուլում կբացի սահմանն ամիսը մեկ անգամ, այնուհետեւ` ամիսը երկու անգամ: Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելուց եւ անվտանգության գոտու ստեղծումից հետո սահմանը բաց կլինի 24 ժամ», - գրում է Zaman-ը: