Հնդկական ընկերությունը մտադիր է Աբովյանում ադամանդի մշակման գործարան բացել

Հնդկական ընկերությունը մտադիր է Աբովյանում ադամանդի մշակման գործարան բացել

PanARMENIAN.Net - Հնդկական VDA Diamonds ընկերությունը պատրաստվում է Աբովյանում ադամանդի մշակման գործարան բացել։ Ընկերության ֆինանսական տնօրեն Սունիլ Ջայնը Sputnik Արմենիային հայտնել է, որ գործարանային շենքն արդեն կառուցված է, մնում են ներքին հարդարման աշխատանքները։

Անհրաժեշտ սարքավորումների մի մասն արդեն առաքվել է։ Նախագծի ներդրողը կլինի հնդկական KGK Group ոսկերչական կոնցեռնը՝ VDA Diamonds-իմայր ընկերությունը։

Աշխատանքի առաջին 6 ամիսներին գործարանը պատրաստվում է աշխատանքի ընդունել մոտ 250 մարդու, իսկ հետագայում հույս ունեն նրանց թիվը 400-500-ի հասցնել։

Ջայնն ու նրա գործընկերները ավելի քան 10 տարի աշխատել են հայ մասնագետների հետ՝ հիմնականում Ռուսաստանում: Նա նշել է, որ հայ մասնագետներն աշխատում են և՛ արդյունահանության ոլորտում (հիմնականում Յակուտիայում), և՛ վերամշակող արդյունաբերությունում (Մոսկվայում և այլ քաղաքներում)։

«Նրանք գերազանց աշխատողներ են՝ հիանալի մոտիվացիայով։ Կարելի է ասել, որ նրանք Հնդկաստանի լավագույն վարպետների հետ նույն մակարդակի վրա են: Մի քանի հայեր աշխատում են նաև մեր կորպորացիայում։ Երբ իմացան, որ գործարան ենք բացում Հայաստանում, շատերն ուզեցան գալ, և մենք կօգնենք նրանց այդ հարցում», - ասել է Ջայնը։

Ռուսաստանից կհրավիրվեն նաև ոչ հայ վարպետներ, ևս մի քանի մասնագետ էլ Հնդկաստանից կգա։

Գործարանում կլինեն նաև ուսումնական հարթակներ պրակտիկանտների համար, որոնք հետո կկարողանան աշխատանքի ընդունվել։ Նա ավելացրեց, որ KGK Group-ը նման բան անում է նաև Հնդկաստանում, Ռուսաստանում և այլ երկրներում։

Գործարանը կկենտրոնանա խոշոր ադամանդների մշակման վրա (1 կարատ և ավելի), իսկ դրանք կգնի «Ալռոսա» կոնցեռնից, DeBeers-ից և Դուբայի ու Հոնկոնգի ադամանդային բորսաներից: Արտահանումն իրականացվելու է ամբողջ աշխարհում, ընկերության 19 վաճառքի գրասենյակների միջոցով։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---