Աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն պահում կարվի զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից՝ մինչև 30%

Աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն պահում կարվի զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից՝ մինչև 30%

PanARMENIAN.Net - Գործադիրը հավանություն է տվել օրինագծերի փաթեթին, որով նախատեսվում է հստակեցնել կարգապահական և զինվորական ծառայության կազմակերպման հետ կապված հարաբերությունները։

Հավանություն է տրվել «ՀՀ զինված ուժերի կարգապահական կանոնագիրք» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին:

Ըստ հիմնավորման, մասնավորապես՝ անհրաժեշտություն է առաջացել օրենքում հստակեցնել զորահավաքային զորակոչի միջոցով զորահավաքային զինվորական ծառայություն անցնող կամ վարժական հավաքների կանչված զինծառայողների նկատմամբ խրախուսանքներ և կարգապահական տույժեր կիրառելու շրջանակը, կարգապահական տույժերի տեսակների ցանկում աշխատանքի արտահերթ վերակարգի փոխարեն նախատեսել զինծառայողի ամսական պաշտոնային դրույքաչափից պահում՝ մինչև 30 տոկոս չափով և մինչև երեք ամիս ժամկետով:

Նախատեսվում է նաև հստակեցնել կարգապահական տույժերի ընտրության կարգը և կարգապահական տույժերի բողոքարկման ընթացակարգը, կանոնագրքում իրականացնել մի շարք այլ բնույթի հստակեցումներ և կարգավորումներ:

Նշվել է, որ, առկա իրողություններով պայմանավորված, անհրաժեշտություն է առաջացել նաև կարգապահական իրավախախտումների տեսակները լրացնել զինծառայողի կողմից օրենքով սահմանված սահմանափակումները չպահպանելու, ինչպես նաև գաղտնիության ռեժիմի պահպանման կանոնների խախտումների համար պատասխանատվություն սահմանող հոդվածներով:

Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում վարչական պատասխանատվություն կսահմանվի զինծառայողների համար նախատեսված զինվորական համազգեստը զինվորական ծառայության մեջ չգտնվող և զինվորական համազգեստ կրելու իրավունք չունեցող անձի կողմից կրելու համար

Պատասխանատվություն է սահմանվում նաև ռազմատրանսպորտային պարտականություն ունեցող մարմինների կողմից պաշտպանության նպատակով օգտագործվող տրանսպորտային միջոցները տեխնիկապես սարքին և շահագործման համար պիտանի վիճակում չպահելու կամ սահմանված կարգով տրանսպորտային միջոցների ներգրավումից խուսափելու համար:

Օրինագծերի ընդունումը պայմանավորված է պաշտպանության ոլորտի բարեփոխումների օրենսդրական ապահովումն իրականացնելու անհրաժեշտությամբ:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---