Ագրոքիմիկատներ ներկրողներն ակցիա են արել ՍԱՏՄ դիմաց

Ագրոքիմիկատներ ներկրողներն ակցիա են արել ՍԱՏՄ դիմաց

PanARMENIAN.Net - Ագրոքիմիկատներ և պեստիցիդներ ներկրողները բողոքի ակցիա են իրականացրել ՍԱՏՄ շեքի դիմաց՝ հայտարարելով, որ հայտնվել են ցայտնոտային վիճակում։

Նրանք նշել են, որ 700 տոննա թունաքիմիկատ գտնվում է մաքսային պահեստներում, թույլ չեն տալիս ներկրել, հայտնում է Panorama.am-ը։

Ներկրողներից մեկը մանրամասնել է, որ նախկինում ներկրվող ագրոքիմիկատներն այժմ չեն կարողանում ներկրել, քանի որ ՍԱՏՄ ղեկավարն անցած տարվա նոյեմբերի 28-ին որոշում է կայացրել, որի շուրջ ներկրողների հետ որևէ քննարկում չի եղել։ Այն ներկայացվել է արդեն որպես փաստ։

Բողոքի ակցիա իրականացնողները նշել են, որ դիմել են կառավարություն, ներկայացրել խնդիրը, սակայն որևէ լուծում չի առաջարկվել՝ մինչդեռ թունքաիմիկատները կարող են դառնալ ժամկետանց, իսկ ներկրողները սնանկանալ։

«Հիմա գործադիրի հետ քննարկումների մեջ ենք, հետո կդիմենք դատարան։ ՍԱՏՄ-ն փոփոխություններ է կատարել, որը հակասում է Հայաստանի Սահմանդրությանը, «Բուսասանիտարիայի մասին» օրենքին։ Եթե մինչ այս ներկրման դեպքում եղել է նշված գրանցող երկիր, ապա սյունակում նշվում է արտադրող երկիրը, ինչը ներկրման համար խոչընդոտներ է ստեղծում»,-ասել է ակցիայի մասնակիցը։

Թե ինչու է նման փոփոխություն իրականացվել, ներկրողները դժվարանում են ասել։

«Այս պահին խնդիր ունեն ներկրողները, մի քանի օրից խնդիր կունենան ֆերմերները, իսկ վերջնարդյունքում՝ սպառողները»,-նշել է ներկրողը։

ՍԱՏՄ խոսնակ Անուշ Հարությունյանը բողոքի ակցիայի մասնակիցներին առաջարկել է գրավոր ձևակերպել բողոքն ու ներկայացնել տեսչական մարմնին, քանի որ այս պահին չունեն ակցիայի մասնակիցների ձևակերպված պահանջները։

Բողոքի ակցիայի մասնակիցներն ասացին՝ կառավարության, էկոնոմիկայի նախարարությանն ուղղած դիմումները վերահասցեագրվել են տեսչական մարմնին, բացի այդ մի քանի անգամ գրավոր դիմում են ներկայացրել ՍԱՏՄ-ին, ինչին ի պատասխան ստացել են նույն գրությունը։

Ավելի ուշ ՍԱՏՄ-ն հայտարարույթուն է տարածել՝ նշելով, որ տեսչական մարմինը կքննարկի պեստիցիդ ներմուծողների առաջարկները։

Հայտարարության մեջ նշվում է, որ տնտեսավարողները չեն կարողանում մաքսային պահեստներում գտնվող ապրանքը մաքսազերծել, քանի որ չունեն Տեսչական մարմնի թույլտվությունը, իսկ թույլտվությունը չի տրամադրվել, քանի որ վերոնշյալ պեստիցիդները չեն համապատասխանում Հայաստանում օգտագործման համար թույլատրված պեստիցիդների և ագրոքիմիկատների անվանացանկի տվյալներին։

«Մասնավորապես, ՀՀ օրենսդրության համաձայն, երկրի տարածք թույլատրվում է ներմուծել միայն այն կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդները, որոնք սահմանված կարգով գրանցվել են Հայաստանում։ Տնտեսավարողները փորձել են ներկրել չգրանցված կազմակերպությունների կողմից արտադրված պեստիցիդներ: Այսինքն՝ գրանցման է ներկայացվել X կազմակերպության արտադրանք, որը սահմանված կարգով գրանցվել է, սակայն փորձում են ներկրել Y կազմակերպության կողմից արտադրված արտադրանք:

Քանի որ ապրանքն արդեն Հայաստանում է, տնտեսավարողները խնդրում են ընդառաջել և թույլատրել արդեն երկրում գտնվող ապրանքի ներմուծումը՝ խոստանալով հետագայում պահպանել սահմանված բոլոր ընթացակարգերը:

ՍԱՏՄ-ն հորդորել է պեստիցիդ ներմուծողներին իրենց առաջարկությունները ներկայացնել գրավոր դիմումի տեսքով, որին Տեսչական մարմինը կպատասխանի օրենքով սահմանված ժամկետներում: Առաջարկն ընդունվել է»,-ասվում է հայտարարության մեջ։

 Ուշագրավ
Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը
Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը
Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին
Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով
---