22 ապրիլի 2009 - 21:51 AMT
Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն իրավահավասարության սկզբունքներով
«Հայաստանի եւ Թուրքիայի մերձեցման գործընթացը չպետք է պայմանավորվի երրորդ կողմի շահերով»,- կարծում են «Հայ-թուրքական հարաբերությունները եւ զարգացման հեռանկարները» խորհրդաժողովի մասնակիցները: Խորհրդաժողովի արդյունքում ընդունված հայտարարության մեջ անհանգստություն է արտահայտվում, որ Հայաստանը կարող է պատրաստ չլինել այն մարտահրավերներին, որոնք կարող են նրան պարտադրվել բանակցությունների ընթացքում: Իրադարձությունների արագ զարգացումը պահանջում է բոլոր հարցերով դիրքորոշումների կոնկրետացում եւ համապատասխան հակազդումների մշակում, որոնք անհրաժեշտության դեպքում կարող են չեզոքացնել հնարավոր վտանգները:

Խորհրդաժողովի մասնակիցների կարծիքով, Թուրքիայի հետ հարաբերությունները պետք է կարգավորվեն միայն իրավահավասարության սկզբունքներով եւ առանց նախապայմանների, որոնք կարող են վտանգավոր լինել հայ ժողովրդի հոգեւոր եւ ֆիզիկական անվտանգության համար, վիրավորել նրա ազգային արժանապատվությունը եւ պատմական հիշողությունը:

Երկու երկրների միջեւ միջպետական հարաբերությունների հաստատման դեպքում խորհրդաժողովի մասնակիցներն անհրաժեշտ են համարում 5 սկզբունքների պահպանումը, որոնց շարքում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ դնող նախապայմանների, Հայաստանի միակողմանի պարտավորությունների, երրորդ կողմի երկրների շահերի, ղարաբաղյան հիմնախնդրի լուծման սցենարի բացառումն է: